Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)
22:23 - 22 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)

19:45- Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով։ Համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ, և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: [Արսեն Թորոսյան] |armenpress.am|


19:30- Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է: [Արսեն Թորոսյան]


19:25- Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200 –ի շրջանակներում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ երեկ երեկոյից տանը սպասող քաղաքացի չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն, և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: [Արսեն Թորոսյան] |armenpress.am|


17:56- ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, հայտնաբերվել են նաև առանց դիմակի վարորդներ։ Օրեցօր արձանագրվում է խախտումների նվազման ցուցանիշ։ [ՔՏՀԱՏՄ]

 

17:18- ՀՀ ՍԱՏՄ մասնագետներն այսօր խախտումներ են արձանագրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի գրեթե բոլոր մասնաճյուղերում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ: Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում: [ՍԱՏՄ]

 

17:09- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են հետևյալ լաբորատորիաներում`
• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ
• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):
Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`
• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ
• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)
• «Էկոսենս» ՍՊԸ [ԱՆ]

 

16:31- Մարդկության տեսանկյունից մենք նաև շատ հուզիչ ժամանակներ ենք ապրում։ Առաջին անգամ գործ ունենք մի աշխարհի հետ, որն այսքան փոխկապակցված է: Մարդկանց կապվածությունը ֆենոմենալ է: Մենք շնորհակալ ենք այն բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցել են մեզ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը՝ «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին] 

 

13:45- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանությունում մինչ օրս կազմվել է 41941  արձանագրություն, իսկ հունիսի 21-ին` իրավախախտման 958 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

11:09- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

11:06- Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․06․20 (թարմացվող)

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել