ԵՊՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրություն․ կլինի 2-րդ փուլ
20:58 - 15 հունիսի, 2020

ԵՊՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրություն․ կլինի 2-րդ փուլ

Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին։ Ինչպես նշված է բուհի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ, քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ:

Այսօր գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ 20 առաջադրվածներից ընտրվել է 7 թեկնածու՝ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության եւ ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը։

Քանի որ թեկնածուները պետք է լինեին 8-ը, իսկ  առաջադրվածներից 3-ը հավասարաչափ ձայներ են հավաքել, այդ պատճառով վաղը՝ ժամը 10:00-ին, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Հավասարաչափ ձայներ են հավաքել ԵՊՀ պրակտիկայի ղեկավար (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն) Արա Աթայանը, իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը եւ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը։

Արդեն հայտնի են նաեւ ուսանողների թեկնածուների անունները։ Երեկ համալսարանի բակում տեղի ունեցած ընտրության ժամանակ առաջադրված 17 թեկնածուներից ձայների համամասնությամբ ընտրվել է 8-ը։ Թեկնածուներն են՝ իրավագիտության ֆակուլտետից Դավիթ Ափոյանը, որը նաեւ բուհի ուսանողական խորհրդի նախագահն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Խաչիկ Աբաջյանը, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետից Ամալյա Սողոմոնյանը, աստվածաբանության ֆակուլտետից Արմինե Ավթանդիլյանը, կենսաբանության ֆակուլտետից Հասմիկ Վարդումյանը, հայ բանասիրության ֆակուլտետից Արշակ Պողոսյանը եւ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետից Ապրիլյան պատերազմի մասնակից ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել