Բուժանձնակազմին տվել ենք առավելագույնը, ինչն այդ պահին COVID-ի մասին ուներ արդի բժշկությունը |hetq.am|
10:32 - 11 հունիսի, 2020

Բուժանձնակազմին տվել ենք առավելագույնը, ինչն այդ պահին COVID-ի մասին ուներ արդի բժշկությունը |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բազարչյանի հետ։

Պրն Բազարչյան, Առողջապահության ազգային ինստիտուտն (ԱԱԻ) ինչպե՞ս է ներգրավված կորոնովիրուսի դեմ պայքարում:

Ինստիտուտը փետրվարի վերջից ներգրավվեց կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումներին, մենք ակտիվորեն սկսեցինք ուսումնասիրել վիրուսը: Այն ժամանակ վիրուսի մասին տեղեկատվությունը քիչ էր, իհարկե, որոշակի ծավալով տեղեկատվություն կար ամբողջ աշխարհից, բայց այն շուտ-շուտ փոխվում էր: Սկզբում Չինաստանից էինք տեղեկատվություն ստանում, այնուհետև սկսեց գալ Եվրոպայից: Հետո սկսեցինք որոշակի ուսումնական ծրագրեր իրականացնել, կարճաժամկետ դասընթացներ տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար: Հիմա դասընթացներ ենք իրականացնում մանկապարտեզների, քրեակատարողական հիմնարկների աշխատողների համար:

Ինստիտուտի ամենամեծ ներգրավվածությունը պրոցեսին, անշուշտ, եղել է բուժանձնակազմի կրթական գործընթացը կազմակերպելը, նաև որոշ չափով իրազեկման նյութեր էինք նախապատրաստում: Հիմա աշխատում ենք տարբեր տեսակի էլեկտրոնային գործիքներ ստեղծելու ուղղությամբ՝ էլեկտրոնային կոնսիլիում և նմանատիպ այլ գործիքներ: Մեր աշխատողները նաև որպես կամավորներ ներգրավված էին և աշխատում էին տարբեր տեսակի կարանտինային կետերում, այնուհետև աշխատում էին կորոնա+ հիվանդանոցներում, կորոնա+ հյուրանոցներում: Կլինիկական օրդինատորները ներգրավված են բուժական գործընթացներում և այս պահին գտնվում են աշխատատեղերում՝ հիվանդանոցներում, շտապօգնության կետերում և այլն: 

Երբվանի՞ց եք սկսել բուժանձնակազմին նախապատրաստել կորոնովիրուսի դեմ պայքարին, ի՞նչ է ուսուցանվում նրանց: Բոլո՞ր բուժհաստատությունների անձնակազմերն են ներգրավված եղել դասընթացներին:

COVID-19-ի վերաբերյալ բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի, վարչական անձնակազմի հմտություններն ու գիտելիքները բարելավելու նպատակով ԱԱԻ-ը մի քանի տեսակի դասընթացներ է իրականացրել: Կազմակերպել ենք բուժաշխատողների համար կոնկրետ կորոնավիրուսի վերաբերյալ բուժում, սխեմաներ, հիվանդի վարում, ընդհանուր տեղեկատվություն,  սոցիոլոգիա, պաթոգեններ և այլն: Մյուս դասընթացները վերաբերում էին բժշկական անձնակազմի անվտանգությանը՝ ինչպես հագնվել, ինչպես պահպանել անվտանգության պայմանները բժշկական հաստատությունում, բաժանմունքում և այլն:

Առանձին դասընթացով ծանոթացրել ենք նմուշառման գործընթացին՝ ինչպես է իրականացվում, ինչպես պետք է հագնված լինի նմուշառում անողը, ինչպես պետք է կատարվի, ինչ ժամանակաշրջանում և այլն: 

Դասընթացներ ունենք կրտսեր և միջին բուժանձնակազմի համար, քանի որ նրանք կորոնահիվանդանոցներում շատ կարևոր դեր են կատարում: Սկզբնական ժամանակաշրջանում  և առանձին դեպքերում դասընթացները կազմակերպվում էին հենց աշխատանքային վայրերում, հիվանդանոցներում, որոնք հետո վերածվեցին կորոնահոսպիտալների: Կենդանի դասեր ենք իրականացրել Սպիտակի, Մարալիկի, Վանաձորի, Իջևանի բժշկական կենտրոններում: Աստիճանաբար անցանք առցանց ուսուցմանը, քանի որ համաճարակային վիճակը փոխվում էր: Դասընթացները տարբեր էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացրել ենք հանրապետության բոլոր մարզերում:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցե՞լ եք, և ինչպիսի՞ աջակցություն են ցուցաբերել նրանք Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում:

«Հայկական բժշկական միջազգային կոմիտեի» և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացրել ենք նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված նեղ մասնագիտական առցանց քննարկումների շարք: Սփյուռքում բժիշկների մեծ պոտենցիալ ունենք և նրանց հետ մոտ 2 տասնյակ վեբինարներ կազմակերպեցինք տարբեր թեմաների շուրջ, որի ժամանակ սփյուռքահայ մասնագետներն ավելի քան 15 թեմա ներկայացրին: Դրանք միտված են եղել բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը և ներկայացնելու միջազգային փորձը: 

Դասընթացին մասնակցել է 1000-ից ավելի բուժաշխատող: Ներգրավված էր միջին բուժանձնակազմը, մեր խնդրանքով նմուշառում կատարելը ներկայացրին նաև սփյուռքահայ գործընկերները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Հայկական բժշկական միջազգային կոմիտե»-ին, որը մեծ ներդրում ունեցավ կրթական պրոցեսում: Համագործակցությունը նրանց հետ շարունակվում է, պարբերաբար խնդրում ենք տարբեր տեսակի արդի խնդիրներ լուսաբանել, որովհետև նրանք այս վիճակը մի փոքր ավելի շուտ են անցել և ավելի մեծ փորձ ունեն:

Համագործակցություն եղել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, նաև միջազգային կազմակերպությունների հետ: Օրինակ, Հանրային առողջապահության համաշխարհային ասոցիացիայի հետ, որի անդամ ենք: Ինքներս մասնակցել ենք տարբեր դաընթացների, բժիշկների համար նրանց հրավիրած վեբինարներին, Չինաստանի հետ ենք վեբինար իրականացրել, հեռուստակամուրջ ենք ունեցել միջազգային կազմակերպությունների հետ:

Բավարար համարո՞ւմ եք բուժաշխատողների վերապատրաստումը:

Ես չեմ կարող ասել՝ այդքանը բավարար էր, թե՞ ոչ: Մենք փորձեցինք տալ  առավելագույնը, ինչն այդ պահին կովիդի մասին ուներ արդի բժշկությունը: Պետք է հստակ պատկերացնենք, որ կորոնան նոր վիրուս է, տեղեկատվությունը բավականին շուտ է փոխվում: Գործ ունեինք մի վիրուսի հետ, որի հետ շփվողները շատ քիչ էին: Մենք ընտրեցինք այն դասվարներին, որոնք ուղղակիորեն ներգրավված էին կորոնայի բուժման պրոցեսում: Անվտանգության կանոնները դասավանդելու համար ընտրեցինք այն համաճարակաբաններին, որոնք մասնակցում էին կորոնահիվանդանոցների ստեղծմանը:

Այսինքն՝ նրանց, ովքեր տեսել էին հիվանդներին: Կարևոր էր, որ նրանք փոխանցեին իրենց իմացությունը մյուսներին, և շեշտը հենց դրա վրա դրեցինք: Ինչ վերաբերում է կրթական պրոցեսին, ապա կրթությունը կորոնավիրուսի վերաբերյալ պետք է անընդհատ լինի, որովհետև տեղեկատվությունը և նորությունները շատ արագ են փոխվում, ամբողջ աշխարհում է այդ վիճակը: Մի օր մի դեղ է օգտագործվում, մյուս օրը այլ դեղի մասին են հայտնում, նոր հետազոտություններ են արվում, հայտնում են, որ այս դեղն ավելի արդյունավետ է, այս մեկն օգտագործեք: Մենք շարունակում ենք օգտագործել նոր արդյունքները, այն, ինչը հայտնի է ամբողջ աշխարհին և այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեզ մոտ: 

Երբ առողջապահության նախարարը հայտարարեց, որ այսուհետ ասիմպտոմ հիվանդները կմնան տանը և նրանց բուժման ընթացքին կհետևեն պոլիկլինիկաները, հիվանդները սկսեցին ահանզանգել, որ պոլիկլինիկաներում կատարյալ խառնաշփոթ է, բուժանձնակազմն անպատրաստ է օգնելու հիվանդներին: Կարո՞ղ ենք հետևություն անել, որ նրանք բավարար չափով գիտելիքներ չեն ստացել դասընթացների ժամանակ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրում ինձ վստահված է եղել կրթական բաղադրիչը, և ես պատասխան եմ տալիս դրա համար: Ձեր ասած ժամանակաշրջանում, երբ մենք փորձեցինք կրթական պրոցես իրականացնել առաջնային օղակի բժիշկների հետ, սկսեցինք իրականացնել հերթով՝ բուժհաստատություն առ բուժհաստատություն, ամբուլատորիա առ ամբուլատորիա: 

Դասընթացներին ներգրավել ենք Երևան քաղաքի և մարզային բուժհաստատությունների բուժանձնակազմերը՝ պոլիկլինիկաների թերապևտներին, ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին: Ինստիտուտը կրթական պրոցեսի պատասխանատուն է, դասավանդողներն այն մարդիկ էին, որոնք ներգրավված էին բուժման պրոցեսում, դրանք առողջապահության նախարարության (ԱՆ) ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուներն էին: Կրթական ծրագրում դասընթացներ էինք նախատեսել նաև կազմակերպիչների համար: Նրանք ծանոթանում էին տարբեր տեսակի հրամանների և կարգավորումների:

Մենք ներգրավեցինք  նախարարության պատասխանատուներին, որոնք ներկայացրին կառավարման մասը: Ներգրավեցինք բուժողներին, որոնք խորհրդատվություն տվեցին բուժման սխեմաների մասին: Ներգրավեցինք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի» մասնագետներին, որոնք ներկայացրին անվտանգության նորմերը և պահանջները: Թերացումները պայմանավորված չեն նրանով՝ ճի՞շտ է դասավանդվել, թե՝ սխալ: Դասավանդվել է այն, ինչն այդ պահին հարաբերականորեն ապացուցված է եղել և, իմ խորին համոզմամբ, կրթությունը կորոնավիրուսի վերաբերյալ պետք է լինի անընդհատ: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել