Մարտի 1-ի գործով աղմկահարույց հայտարարությունից հետո Գեղամ Պետրոսյանի փաստաբանին կանչել են ՀՔԾ |aysor.am|
11:18 - 12 հուլիսի, 2019

Մարտի 1-ի գործով աղմկահարույց հայտարարությունից հետո Գեղամ Պետրոսյանի փաստաբանին կանչել են ՀՔԾ |aysor.am|

aysor.am։ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի փաստաբանը պնդում է՝ կան ամուր հիմքեր, որ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը վերացվի, քրեական գործը կասեցվի։

Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանն տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են Պետրոսյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։

«Հուլիսի 2-ին Վերաքննիչ դատարանը մերժել է մեր բողոքը, բայց դեռ մերժումը չենք ստացել։ Ստանալուց հետո այն անպայմանորեն կբողոքարկենք։ Մենք գտնում ենք, որ կալանավորման հիմքեր չկան», - ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով Պետրոսյանին առաջադրված բուն մեղադրանքին՝ փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել մեղադրանքը և այն համարում է աբսուրդային։ Ավելին՝ Գևորգյանը պնդեց մամուլում օրեր առաջ արած իր հայտարարությունն այն մասին, թե փորձաքննությամբ պարզվել է, որ Մարտի 1-ին սպանված ցուցարար Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված փամփուշտը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի փամփուշտի հետ։ Սակայն, ավելին փաստաբանը դժվարացավ հայտնել, քանի որ այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ից իրեն զգուշացրել են նախաքննական գաղտնիք չհրապարակել։

«Մի քանի օր առաջ ազատորեն կարողանում էի խոսել լրագրողների հետ, բայց հիմա ինձ կներեք, ոչինչ չեմ կարող հայտնել։ Իմ հայտարարությունից հետո ինձ կանչել են Հատուկ քննչական ծառայություն և նախազգուշացրել, որ նախաքննության գաղտնիք չհայտնեմ։ Այն ժամանակ ես նախազգուշացված չէի, հիմա նախազգուշացված եմ։ Բայց ինչ ասել եմ՝ իրականությանը համապատասխանող փաստեր են», - ասաց Գևորգյանը։

Մեր հարցին՝ արդյոք դա նո՞ր փորձաքննություն էր, որը նման եզրակացություն է տվել, թե՞ մինչև 2018թ.-ը Մարտի 1-ի գործով իրականացված նախաքննության շրջանակներում արված փորձաքննություն, փաստաբանը դրական պատասխան տվեց։

Այդուհանդերձ, փաստաբանը չի ծայրահեղացնում և ուզում է հավատալ, որ ՀՔԾ-ն անձին հատուկ մեղադրելու քայլեր չի կատարում։

«Ես ուզում եմ հավատալ, որ վարույթն իրականացնող մարմինն ուղղակի ապացույցներ է հավաքում, հակառակ դեպքում կարող էին այդ փորձաքննությունը հիմա չնշանակեին և անեին ավելի ուշ։ Բայց մարդիկ, կարծես թե, սկսել են գործողություններ կատարել՝ համոզվելու՝ որքանով հիմնավորված են փաստական տվյալները, որոնք իրենց հայտնի են դարձել ու որոնց հիման վրա մեղադրանք են առաջադրել իմ պաշտպանյալին», - նշեց փաստաբանը։

Նրա պնդմամբ, հենց միայն այդ փորձաքննությունը բավարար հիմք էր, որպեսզի իր պաշտպանյալն ազատվեր կալանքից, նրա նկատմամբ քրեական գործը կարճվեր ու քրեական հետապնդումը դադարեցվեր։

Aysor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանությունը, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր:

Այս գործին վերջերս անդրադարձել էր նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և դիտարկմանը, թե Մարտի 1-ի քրեական գործով առաջին անգամ սպանությունների մասով բացահայտում է եղել, նա արձագանքել էր.

«Դուք էլ համոզվեցիք, որ սպանության բացահայտման հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ։ Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:

Վաղարշակ Գևորգյանը նաև ասաց, որ կալանավորելու ժամանակ նախաքննություն իրականացնող մարմինը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ոչ ամբողջական փաստեր։

«Եթե ներկայացված լինեին փաստեր, դատարանը մեղադրանքը չէր հաստատի, իմ պաշտպանյալը չէր կալանավորվի։ Այսինքն՝ այն փաստերը, որոնք կարող էին վկայել հիմնավոր կասկածի բացակայության մասին, չեն ներկայացվել դատարան։ Դա, գուցե, նախաքննական մարմնի ռազմավարությունն է, բայց դատարանին պետք էր հնարավորություն տալ, որ ճիշտ հետևության գա», - ասաց Վաղարշակ Գևորգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել