Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքներին, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել․ Լիլիթ Մակունց
15:23 - 08 մայիսի, 2020

Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքներին, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել․ Լիլիթ Մակունց

Անդրադառնալով այսօր ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց․


«ՀՀ մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ։ Մինչ կառավարության ծրագրի կատարողականին անդրադառնալը, չեմ կարող չանդրադառնալ տեղի ունեցած միջադեպին և որոշ մանրամասներ ներկայացնել։ Նախ ուզում եմ   «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից  և բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին։ Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն , ինչ տեղի է ունեցել։ Իսկ հիմա մի փոքր մանրամասն այդ սադրանքների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում վերջին շաբաթների ընթացքում ։

Հարգելի քաղաքացիներ, ամեն ինչ սկսվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից։ Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցութունը՝ կողմ չքվեարկելով նախագծին։ Այդ նախագծի ընդունումից հետո կտրուկ փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության և  հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Նկատի ունեմ այն, որ պարոն Մարուքյանը  ոչ մի գումարման ԱԺ-ում պատգամավոր եղած ժամանակ երբևէ թույլ չի տվել իրեն  օգտագործել այնպիսի բառամթերք, ինչը թույլ է տվել Յոթերորդ գումարման Ազգային ժողովում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից , երբ Էդմոն Մարուքյանը Աժ նիստերի դահլիճում, ուղիղ եթերում, համայն հայության առջև հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն ո՛չ փոխնախագահից, ո՛չ պատգամավորներից և ո՛չ էլ ՀՀ քաղաքացիներից։ Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն Աժ նիստերի դահլիճից դուրս և հիմա, արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը » խմբակցությանը  անպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև «Իմ քայլը » խմբակցությանը կներկայացնեն այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր և սադրում էր Մարուքյանը։ Որևէ կերպ չեմ արդարացնում տեղի ունեցածը։ Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ազգային ժողով է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստանի» օրակարգը , այլ անհասկանալի , Աժ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը և սա փաստ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել