Լենա Նազարյանն առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքելու համակարգ ստեղծել
18:30 - 01 մայիսի, 2020

Լենա Նազարյանն առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքելու համակարգ ստեղծել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նկատում է, որ հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,-նշել է Նազարյանը:

Նա հայտնել է, որ այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ՝ ապրիլի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է ուսումնասիրել աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանուն ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել