ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|
21:10 - 16 ապրիլի, 2020

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները վերջնական փուլում են, կավարտվեն հունիսի 4-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստից հետո:

«Մենք մեր աշխատանքը կավարտենք հունիսի 4-ին, ժամկետը 3-րդ անգամ երկարացնելու հանրավորություն չկա: Մենք ունենք 100 ժամից ավել տեսաձայնագրություններ, որոնք շատ արժեքավոր նյութ են իրենցից ներկայացնում, որովհետև երբեք 2016թ.-ի ապրիլի 2-ից հետո այսպիսի ծավալուն աշխատանք այն ժամանակվա իշխանությունները ոչ մի անգամ չեն արել»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, թե Սարգսյանից ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն: «Հարցերը ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների»-ասաց նա:

Հարցին՝ Խաչատուրովից բացի ևս քանի անձի են սպասում, որ ամբողջական լինի պատկերացումը, Քոչարյանն ասաց, թե աշխատանքը վերջնական փուլում է, իսկ ցանկը մեծ չէ:

Դիտարկմանը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել ներկայանալ հանձնաժողովին, Քոչարյանն արձագանքեց. «Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, և ես միշտ ասել եմ, որ Հայաստանում չի լինելու որևէ մեկը, որ ցանկություն չունենա հանձնաժողովի աշխատանքները դարձնել լիարժեք և ամբողջական: Բացի Բակո Սահակյանից՝ Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել անպայման մասնկացել նիստերին»:

Հարցին՝ հանդիպման տեսաձայնագրությունը տրամադրվելո՞ւ է Սերժ Սարգսյանին, Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչև 2050թ.-ը իր կողմից այսօրվա աշխատանքից տեղեկատվություն չի հանրայնացվի, որովհետև չի կարելի: Ձայնագրությունը տրամադրվելու է իրեն»:

Լրագրողները հարց ուղղեցին նաև այն մասին, որ Քոչարյանի որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո երկու անգամ բաց է թողել զորակոչը, կա՞ հիմնավորում: Քոչարյանը պատասխանեց, թե հիմնավորումները կարելի է գտնել ՊՆ-ում: «Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել: Իմ տպավորությամբ՝ փայլուն է պաշտպանել, բայց եթե չհաստատեն, ինքը գնալու է բանակ՝ ծառայության: Թիրախավորել են իմ ընտանիքի անդամներին: Ես խորհուրդ եմ տալիս՝ երեխաներին հանգիստ թողեք: Եթե ինձ հետ խնդիր ունեք, իմ առաջ դրեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել