Ավինյանը վստահեցնում է` թույլատրված տնտեսական գործունեության բոլոր տեսակներում աշխատակիցների տեղափոխումն իրականացնում է տնտեսվարողը |hetq.am|
17:22 - 13 ապրիլի, 2020

Ավինյանը վստահեցնում է` թույլատրված տնտեսական գործունեության բոլոր տեսակներում աշխատակիցների տեղափոխումն իրականացնում է տնտեսվարողը |hetq.am|

hetq.am: Տնտեսական գործունեության այն ոլորտներում, որտեղ աշխատանքը թույլատրվում է, տնտեսվարողները պարտավոր են ապահովել աշխատակիցների տեղափոխման հարցը:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Արդեն իսկ կարգավորված է այն ոլորտների համար, որտեղ թույլատրված է գործունեությունը, որ  տնտեսվարողներն իրենց աշխատակիցների տեղափոխումը կատարեն միկրոավտոբուսներով կամ ավտոբուսներով, այդ կանոնակարգումներն արդեն իսկ գործում են»,-ասաց նա:

Գորգիսյանը հիշեցրեց, որ միջմարզային սահմանափակումները շարունակում են գործել։ «Ի՞նչ է լինելու այն դեպքերում, երբ մարզից մարզ են տեղափոխվելու աշխատանքի համար»,- հարցրեց պատգամավորը: Ավինյանը պատասխանեց` միջմարզային սահմանափակումները չեն նշանակում, որ առհասարակ ուղևորափոխադրումներ չկան, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում դա հնարավոր է:

Նույն խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ անդրադարձավ այն դեպքերին, երբ քաղաքացիները մարզից տեղափոխվում են Երևան քիմիաթերապիայի համար: Վերջինս հիշեցրեց, որ նախկինում նրանք մի քանի հոգով վարձակալում էին ավտոմեքենա, սակայն այժմ քաղաքացին Սիսիանից Երևան տեղափոխվելու համար 15 հազար դրամ պետք է վճարի:

 «Ես կարող եմ ասել, որ սահմանափակումներն ունեն բացասական էֆեկտներ տարբեր սոցիալական խմբերի, տարբեր տնտեսական գործունեության տեսակների վրա, բայց, կարծում եմ, հիմնականում պետք է վերադառնանք այն նպատակին, թե ինչի համար են սրանք գործում, ի՞նչ ենք փորձում ստանալ սահմանափակումներով»,-ասաց Ավինյանը:

Վերջինիս խոսքով` նման խնդրով տարբեր քաղաքացիներից են ահազանգեր ստանում, փորձում են հնարավորության դեպքում աջակցել, ուստի դիմեց պատգամավորին՝ եթե նման քաղաքացիների հստակ տվյալներ կան, դրանք էլ տրամադրել:

Ավինյանն ընդգծեց, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենամեծ աղբյուրն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել