Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը |armenpress.am|
15:13 - 13 ապրիլի, 2020

Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու պատճառը։ Այս թեմային Ավինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստում։

«ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել, արտակարգ իրավիճակով պայմանավորված, արտակարգ դրության հայտարարմանը»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն։

«Անհնար է վարակն ամբողջովին վերացնել։ Դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ, եթե ոչ` մեկ տարի անց։ Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն։

Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին` միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում` մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր։ Պետությունների գերակշիռ մասը գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որևէ պահի անցումը երկրորդ տարբերակին»,- նշեց փոխվարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել