Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ
 |tert.am|
18:55 - 10 ապրիլի, 2020

Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ |tert.am|

tert.am: Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա ենք նկատում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա ընդգծեց՝ պարենային ապրանքների քանակը բավարարում է առևտրի ցանցերում, մատակարարների և արտադրողների մոտ: «Որոշակի ցիտրուսային մրգերի մասով գների բարձրացում կա: Տեղական արտադրության ապրանքների գները նվազում են՝ սեզոնային փոփոխությամբ պայմանավորված: Ապրիլի 8-ի դրությամբ առկա է ալյուրի գնի 5 դրամ նվազում՝ 290-ից դարձել է 285 դրամ: Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում չի փոխվել»,-ներկայացրեց Գևորգյանը:

Վանաձորում հացի գնի բարձրացման մասին խոսելով՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, թե հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրող ընկերությունների հետ, և իրենց ուսումնասիրության համաձայն՝ այնտեղ հացն ամենաէժաններից մեկն է՝ համեմատած այլ քաղաքների հետ: «Հացի թանկացումը կապված է եղել ալյուրի թանկացման, սպառման ծավալների նվազման, փաթեթավորման և մի շարք այլ հարցերի հետ»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ 2020թ.-ի այս ընթացքը համեմատվել է 2018թ.-ի նույն ժամանակահատվածի հետ, և պարզվել է, որ որոշ ապրանքների դեպքում գներն այժմ շատ ավելի ցածր են:

Նա ընդգծեց, որ գների բարձրացումները չեն եղել միանգամից, ինչը նշանակում է, որ դրանք եղել են ոչ թե կորոնավիրուսի կամ պանդեմիայի հետևանքով, այլ կարող են կապված լինել թե՛ արտարժույթի գնի, թե՛ բեռնափոխադրումների որոշ խնդիրների հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել