Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ
 |armtimes.com|
18:26 - 10 ապրիլի, 2020

Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՏՄՊՊՀ-ն վարույթներ է հարուցել մի շարք ապրանքային շուկաներում՝ կարագ, շաքարավազ, ձու, բենզին, դիզել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Այս 2 օրերի ընթացքում եւս մի քանի վարույթ կհարուցվի բենզինի շուկայի որոշակի խնդիրների հետ կապված։ Նախատեսվում է վարույթներ հարուցել նաեւ կարեւորագույն մյուս շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, հավի միս»,- ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ սրանով կրկին անգամ ուզում են հավաստիացնել՝ հանձնաժողովը ուշի ուշով հետեւում է գների դինամիկային եւ չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի։

«Ավելին, հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում օրենսդրության խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, ինչի մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին՝ թե մայրաքաղաքում, թե մարզերում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա նշեց, որ պատասխանատվության չափերը բավական մեծ են՝ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով պատասխանատվություն կարող է կիրառվել։ Հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձը ընդհուպ մինչեւ քրեական պատժի կարող է ենթարկվել, իսկ անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են պատասխանատվության ենթարկվել ամբողջ նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։

«Բացարձակ թվերով դրանք բավական մեծ կորուստներ են։ Եթե տնտեսվարող սուբյեկտները չարաշահեն իրենց դիրքը ու այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավելի շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- ընդգծեց Գեւորգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել