«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին
 |armtimes.com|
21:46 - 03 ապրիլի, 2020

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 28-ից Գյումրիում մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրին անցած յոթ օրում առցանց դիմել է 1646 ընտանիք: Բոլորի տվյալներն ուսումնասիրվել է ծրագրային թիմի կողմից, յուրաքանչյուրին ցուցաբերվել անհատական մոտեցում: Հնարավորինս հստակեցվել է ընտանիքի կարիքը: Այս մասին ասաց «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, արդեն ուսումնասիրված դիմումներից մերժվել է 262-ը եւ հաստատվել 50-ը: Եվս 84 ընտանիք սպասման մեջ է: «Սրանք այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին: Ծրագրային թիմը որոշել է նման ընտանիքներին պարենային փաթեթներ տրամադրել միայն այն ժամանակ, երբ հիմնական շահառու ընտանիքները կլինեն ամբողջապես բավարարված»,- իրենց գործունեւության սկզբունքը ներկայացրեց պատասխանատուն:

Ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության պարենային զամբյուղը, որը տրվում է ընտանիքին ծանրոցի տեսքով, ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոցում առկա են 10-ից 12 հազար դրամի ապրանք:

Հաստատված 50 դիմումների տերերն արդեն ստացել են իրենց հասանելիք ծանրոցները: 50 ծանրոցից 25-ը տրվել է Գյումրու «Թռչունյան տան» լուծարումից հետո ընտանիք վերադարձած երեխաների ծնողներին:

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Սուպերմարկետներից ստացվել է 55 փաթեթ, եղել է նաեւ 600․000 դրամի հասնող աջակցություն՝ մթերքի տեսքով:  

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի ֆինանսաական հաշվին արդեն փոխանցվել է 1 մլն 339 հազար ՀՀ դրամ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել