Ինչպե՞ս է քվեարկելու «Իմ քայլը» Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Ըստ Մակունցի՝ «քաղաքական բաղադրիչն առկա է» |news.am|

13:38 - 31 մայիսի, 2019

news.am: Եթե որեւէ գործընթաց լինելու է գաղտնի քվեարկությամբ, ապա նախապես դիրքորոշում հայտնելը ճիշտ չեմ համարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը:

Մակունցը որեւէ խնդիր չի տեսնում, որ արդեն որերորդ անգամ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուները չեն ընտրվում ԱԺ-ի կողմից:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, ըստ որոնց Վահե Գրիգորյանը իշխանության նախընտրելի թեկնածուն է, Մակունցն ասաց. «Ասում են»-ի տիրույթում կարող ենք տասնյակ վարկածներ ներկայացնել: Պատգամավորների կողմից քվեարկության դրդապատճառները նույնպես կարող են առանձին մեկնաբանությունների տեղիք տալ: Հիմա ունենք առաջադրված նոր թեկնածու եւ ինչպես նախորդ թեկնածուների հետ, այնպես էլ նոր թեկնածուի հետ հանդիպում կլինի եւ որոշում կկայացվի»:

Այդուհանդերձ, Լիլիթ Մակունցը խոստովանեց, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից. «ԱԺ-ն քաղաքական ինստիտուտ է եւ «Իմ քայլը» խմբակցության անունից ես չեմ կարող երաշխավորել, որ մեր մոտեցումներում քաղաքական բաղադրիչը զտելու ենք: Իհարկե, նման բան չի կարող լինել: Ցանկացած խմբակցության դեպքում քաղաքական բաղադրիչը մշտապես առկա է, առկա են նաեւ բոլոր այն իրողությունները, որոնք այսօր կան մեր իրականությունում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել