Գյումրիում ծեծի հետևանքով մահացած կինը նախկինում ևս ծեծի էր ենթարկվել |armenpress.am|
17:14 - 13 մարտի, 2020

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած կինը նախկինում ևս ծեծի էր ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրեցի 43-ամյա Մարինե Խ.-ին ու նրա 13–ամյա դստերը ծեծի ենթարկելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը շարունակում է չընդունել իր մեղքը: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը կարող է փոխվել: Այս մասին մարտի 13-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ խոսելով տվյալ անձի կողմից մեղքը չընդունելու  փաստի մասին, որ տվյալ անձը չի ընդունել և դեռ չի ընդունում իր մեղքը, բացի այդ, օգտվելով իր  դատավարական իրավունքից,  հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

«Բայց մենք ունենք արդեն իսկ ձեռք բերված բավարար ապացույցներ, որոնք մեզ հիմք են տվել, որպեսզի տվյալ անձին առաջադրենք մեղադրանք»: Գործի շրջանակում արդեն հարցաքննվել են տղամարդու ծնողները, ովքեր տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք  վկայում են, որ տվյալ անձը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել տուժողներին:

Մարմնական վնասվածքներ հասցնելու ժամանակ ծնողները չեն եղել այդ բնակարանում, բայց,  այդ դեպքից  անմիջապես հետո, 28-ամյա տղամարդը զանգահարել է իր մորը և այդ պահին, մոր ներկայությամբ, խոստովանել հանցագործությունը: Հանցագործությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է 14.30-ի սահմաններում:  Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ մեղադրանք առաջադրվել է  ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

«Դեռևս այս մեղադրանքը կրում է նախնական բնույթ:  Երբ կունենանք  վնասվածքների տեղակայումը,  բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը, վնասվածքների՝ կյանքի հետ համատեղելու լինելու հանգամանք, այդ ժամանակ, հնարավոր է, հոդվածը փոփոխելու օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն առաջանա: Օրենքը մեզ չի արգելում նախաքննության փուլերում առաջադրված մեղադրանքը փոխել»: Տվյալ անձը, ըստ տվյալների, նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, բացի այդ, 2 անգամ էլ քրեական գործ է հարուցված եղել, որոնք կարճվել են հաշտության հիմքով: 

«Ընդ որում, այդ կարճված գործերից մեկը եղել է 2016 թվականին. տվյալ անձը ծեծի է ենթարկել մեր տուժողին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով  (դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառել), բայց քանի որ մեր տուժողը բողոք չի ներկայացրել, վարույթը կարճվել է: Հաշտության պայմաններում հնարավոր չէ քրեական գործ քննել»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել