Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ
15:41 - 07 մարտի, 2020

Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։

Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝  5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է  Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։

Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։  Նախագծերի վերջնական տարբերակները պատրաստելուց անմիջապես հետո կհայտարարվի շինարարության մրցույթների 2-րդ փուլը։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել