Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան
09:28 - 05 մարտի, 2020

Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ԱԺ ամբիոնից «Այո»-ի քարոզչությանը, այն որակելով Հանրաքվեի քարոզչության կարգի կոպիտ խախտում: Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։

Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։

Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։

Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։

Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել