Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ ստանալ․ Նիկոլ Փաշինյան
11:30 - 03 մարտի, 2020

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ ստանալ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Վրաստանի հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առանձնազրույց են ունեցել։

(Գիորգի Գախարիա)- Հարգելի՛ պարոն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում։ Մենք, իհարկե, կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի ավելի ամրապնդենք հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։ Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում  նշել ենք, որ նման մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համար։ Ես հիշում եմ մեր հանդիպումը Երևանում, այն անցավ շատ արդյունավետ, և կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը ևս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի լավացմանը։ Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, և մենք՝ կառավարությունները և երկրների ղեկավարությունը, հասկանում ենք, որ տարածաշրջանի կայունությունը մեր երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն է։ Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական մշակութային հարցերի մասին, որոնք այսօր շոշափվում են։ Մենք համոզված ենք, որ մեր երկրների խաղաղությունը, զարգացումը և հեռանկարը կապված է Եվրաատլանտյան տարածք ինտեգրվելու հետ և համոզված եմ, որ արևելյան գործընկերության շրջանակներում դուք ևս նկրտում եք Եվրոպա ինտեգրվել։ Համոզված եմ, որ մենք երկուստեք ձգտում ենք մեր երկու երկրների բարեկամության, հարևանության էլ ավելի խորացմանը և համոզված եմ, որ  այդ բոլոր հարցերի շուրջ կունենանք քննարկում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երևանյան այցի համար որը բարձր մակարդակով էր կազմակերպված և շնորհակալ եմ նաև պատասխան այցի համար, որը կարծում եմ նույնպես արգասաբեր կլինի։

(Նիկոլ Փաշինյան)-Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Գիորգի ։ Նախ շնորհակալ եմ պաշտոնական այցով հրավերի և ջերմ ընդունելության համար։Մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մեր երկրները ունեն խորը մշակութային, տնտեսական, քաղաքական,  պատմական կապեր։Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի և ժամանակն է եկել մտածելու, եթե ոչ ապագա հազարամյակների,ապա հարյուրամյակների, այս տարածաշրջանում,  մեր համատեղ զարգացման մասին։ Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, որովհետև Վրաստանի հետ մեր հարաբերությունների պատկերացումները ռազմավարական են։ Այո, մեր երկու երկրները ունեն ավելի լայն համագործակցության և ընդհանուր և տարբերվող դաշտեր,բայց մեզ համար տարածաշրջանային մեր հարաբերութունները մեր հարևան բարեկամ հարաբերությունները և Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք բոլորովին այլ հարթության վրա։ Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտվել իմ կարծիքով, դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին։ Այս հանգամանքը մինչև այժմ գոյություն ուեցող հիմքի վրա ավելացնում է ևս մեկ շատ կարևոր անկյունաքար։ Ուրախ եմ արձանագրել որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ, նոր որակ ստանալ։ Ուզում եմ այս արդյունքը առանձնահատուկ շեշտելով ասել նաև, որ համոզված եմ, որ այս այցը և դրա արդյունքները ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը։ Ես մի շատ կարևոր առանձնահատկություն եմ ուզում նշել, որ մեզ հաջողվում է շատ հստակ քայերով կյանքի կոչել մեր բոլոր պայմանավորվածությունները։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում մեր առաջին հանդիպումը Երևանում և իհարկե մեծ հաճույքով եմ հյուրընկալվում Ձեզ, որովհետև հյուրասիրությունը և հյուրերին ընդունելու բարձր մշակույթը այն ամենակարևոր առանձնհատկություններից է, որը միացնում է մեր երկու երկրները, մեր ժողովուրդներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել