Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|
16:37 - 29 փետրվարի, 2020

Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|

fip.am: Որոշ լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ բյուջետային ավիափոխադրողները կսուբսիդավորվեն պետական բյուջեից։

«Իրավունք» թերթը փետրվարի 27-ին «ՀՀ բյուջեից «RyanAir»-ը կֆինանսավորվի՞» հարցադրումով նյութ է հրապարկել, որտեղ նշում է, որ ավիաընկերությունը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել և կամաց-կամաց դուրս մղել մյուս ավիափոխադրողներին։  

Թերթը, մասնավորապես, գրել է. «RyanAir-ին տված ներկայիս արտոնյալ պայմաններին (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) կարող են ավելանալ նաև հայաստանյան պետբյուջեից ուղղակի ֆինանսական փոխհատուցմամբ։ Խոսքը մեծ փողերի մասին է»,- գրում է թերթը՝ նշելով, որ իրենց զրուցակիցը, որի անունը գաղտնի է պահվում, ակնարկել է, որ դրանում նաև «ատկատային» հատված կա։  

Թերթը նաև գրել է, որ RyanAir-ի՝ շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակման վտանգի տակ են «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները։

Ավելի վաղ` հունվարի 24-ին, «Հրապարակ» օրաթերթն էր նույն հարցին անդրադարձել և գրել, որ «5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին»՝ չհիմնավորելով, թե որտեղից է վերցրել այդ 5 մլն գումարը, որի հարցադրումը նաև Քաղավիացիայի վարչության նախագահ Տաթևիկ Ռևազյանն էր նյութի հեղինակին ուղղել և պատասխան չէր ստացել։ 

Հիշեցնենք, որ հարցը, թե արդյո՞ք պետությունը վերացնում է ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանված վճարները, առաջ էր եկել առաջին իսկ օրից, երբ հայտնի դարձավ, որ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ կիրականացնեն Հայաստանից։ Այս պնդումներին նաև անդրադարձել էր FIP.am-ը և պարզել, որ բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար։

Կառավարությունից հավատացնում են, որ բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը՝ կառավարությունից նշում են, որ այս պահի դրությամբ ոչ RyanAir և ոչ էլ  Wizz Air ավիաընկերություններին պետական բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ։

«Սույն ավիաընկերությունների համար գործում է միայն «օդի տուրքի» գծով արտոնություն, որը կտրամադրվի «Պետական տուրքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի զ) կետի պայմաններին բավարարող ցանկացած ավիաընկերության»,- ասվում է պատասխանում։  

Նշենք, որ ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորման՝ «օդի տուրքից» կազատվեն բոլոր այն ընկերությունները, որոնք վերջին 12 ամիսներին չիրականացրած ուղղություններով նոր չվերթներ կբացեն։

«Այսինքն՝ նշված արտոնությունը տրամադրվելու է ցանկացած այլ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղևորներին միայն այն ուղղությունների համար, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պայմաններին»,- նշվում է պատասխանում։

Քաղաքացիական ավիացիայից ևս հաստատում են, որ գործող «օդի տուրքի» վերացումից բացի, որը մեկ ուղևորի համար կազմում է մոտ 10 հազար դրամ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլ պետական արտոնություններ չեն գործում։ 

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում գրության մեջ նշվում է, որ  ավիաընկերությունների համար դեպի օդանավակայան թռիչքներ կազմակերպելու և զբոսաշրջային հոսքն ավելացնելու նպատակով, ոչ պետական բյուջեի միջոցներով ֆինանսական խթանումն ապահովելու համար կառավարությունը դեռևս շարունակում է բանակցություններն իր գործընկերների հետ։

Սրանով կառավարությունը նաև հերքել է «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, որ սուբսիդիան վճարելու հոգսն ընկել է Հայաստանի կառավարության ուսերին, քանի որ դրամաշնորհ ստանալու հարցով գործընկերների հետ բանակցություններն օգուտ չեն տվել և ծրագիրը՝ չեղարկվել է։  

Իսկ թե ովքե՞ր են այդ գործընկերները՝ կառավարությունից նպատակահարմար չեն գտնում այդ մասին բարձրաձայնել։ 

Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթի պնդմանը, թե «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները կարող են շուկայից դուրս մնալ, ապա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այդ հարցին անդրադարձել էր Ազգային ժողովի փետրվարի 12-ին կայացած նիստի ժամանակ և պատասխանելով անհավասար մրցակցությանը վերաբերող հարցին՝ նշել էր որ «Տարոն ավիան» ինքնուրույն է որոշում կայացրել փակվել՝ թռիչքային անվտանգության խնդիրների պատճառով։ Իսկ Tarom Airlines ավիաընկերության` շուկայից դուրս գալու հարցը, որը, ի դեպ, ոչ թե տեղական, այլ ռումինական ավիաընկերություն է, ըստ Ռևազյանի՝ Հայաստանի հետ կապ չունի, այլ իրենց  ֆինանսական խնդիրների հետ է կապված։

Շարունակությունը՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել