Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում |armenpress.am|
11:13 - 25 փետրվարի, 2020

Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալի մեծ աճ է նկատվում, նախորդ տարեվերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է 2018-ի համեմատ: Այս թեմայով խոսել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ունենք հիփոթեքային վարկերի բավականին մեծ աճ: 2019-ի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ: Դրա վրա մի քանի գործոններ են ազդել, իրենց ազդեցությունն են ունեցել թե նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար եկամտային հարկի վերադարձումը, թե պետական նպատակային ծրագրերը՝ օրինակ պետության կողմից սուբսիդավորվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հենց շուկայական պայմաններով իրականացվող ծրագրեր են և թե բանկերի սեփական ռեսուրսներով տրամադրվող հիփոթեքային վարկերը: Բոլորն էլ ունեցել են իրենց ազդեցությունը, և պահանջարկի մեծ աճ է նկատվել այդ ընթացքում: Հենց սա էլ բերել է հիփոթեքային վարկերի նման աճի»,-ասաց Գրիգորյանը:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով տրամադրվող վարկերի ծավալը գրեթե կրկնապատկվել է: Սա ընդհանուր ծավալի ավելացման վրա արդեն իսկ բավականին մեծ ազդեցություն է: Նույնը վերաբերում է սովորական հիփոթեքային վարկերին, որոնց մի մասը վերաֆինանսավորվում են ազգային հիփոթեքային ընկերության կողմից:

Խոսելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին՝ Գրիգորյանը նշեց՝ միջին հիփոթեքային վարկի տոկոսադրույքը 10-10.5 տոկոսի մոտակայքում է, ու սա գնալով նվազել է: Նա վստահեցրեց՝ տարածաշրջանում, նախկին Խորհրդային միության երկրներում դժվար կլինի գտնել հիփոթեքային վարկեր, որոնք հասանելի լինեն տեղական արժույթով նման տոկոսադրույքներով, եթե դրանք չեն սուբսիդավորվում պետության կողմից:

Երբեմն Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերը համեմատում են ԱՄՆ-ում դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի հետ: Գրիգորյանը շեշտեց՝ սխալ է նման համադրություն անելը: «Թեև ունենք դրամով տրամադրվող վարկեր, որոնք գրեթե նույն տոկոսադրույքն ունեն, ինչ դոլարով տրամադրվողները, այն դեպքում, երբ դրամի և դոլարի միջև տարբերությունը 5-6 տոկոս պետք է լինի զուտ շուկայից ելնելով»,-ասաց նա:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել