Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|
08:52 - 17 փետրվարի, 2020

Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|

acnis.am: Հայաստանը, քաղաքական առումով, թեւակոխում է դրամատիկ ժամանակաշրջան` նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին նշանակելու մասին: Ինչպես համապետական մակարդակի ցանկացած միջոցառում, հանրաքվեն առավել եւս` նոր մարտահրավեր է հասարակության կյանքում, որն իր հետ կարող է բերել նոր ցնցումներ ու բազում հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չունի։

Ի՞նչ հիմնանպատակ է հետապնդում հանրաքվեն, «հեղափոխության» հետագա ընթացքի հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամների կազմի փոփոխությունը, որքանո՞վ է նպատակահարմար ներքաղաքական օրակարգ բերված այդ հարցի լուծման գործընթացում ժողովրդի ներգրավումը` մանավանդ հասարակության ներսում խորացող հակասությունների հենքին. արդյոք սա վստահությո՞ւն է ժողովրդի հանդեպ, թե պատասխանատվության բեռը նրա ուսերին դնելու անխոհեմ քայլ:

Այս եւ նմանատիպ մյուս հարցերի պատասխանները հանրությունը չունի։ Այդ պատասխանները բացակայում են նաեւ խորհրդարանական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներում: Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում կառավարող թիմի պատգամավորները «նախկին հանցավոր ռեժիմի» մնացուկների դեմ անողոք պայքարի, «ժողովրդի իշխանության» հաստատման անհրաժեշտության մասին փրփրաբերան խոսելուց եւ քարոզչական տարատեսակ կարգախոսներ հնչեցնելուց զատ` աշխարհայացքային, ծրագրային կամ, նույնիսկ, քաղաքական որեւէ հստակ միտք, հիմնավորումներ չարծարծեցին։

Փորձենք մի կողմ թողնել հանրաքվեի պարագան եւ հասկանալ, թե, առհասարակ, ինչպես եւ ով է որոշում երկրի առջեւ ծառացած խնդիրների հրատապությունը, դրանց ցանկն ու հաջորդականությունը, ինչպես նաեւ այն ասպեկտը, թե որոնք են օրակարգի ձեւավորման մեխանիզմները, քաղաքական բանավեճերի ու քննարկումների ձեւերն ու բնույթը, այսինքն` քաղաքական տեխնոլոգիաների խնդիրը: Կտեսնենք, որ այստեղ եւս անպատասխան հարցերը բազմաթիվ կան։

Փաստորեն` մեր հիմնական անելիքը քաղաքական օրակարգերի ձեւավորման ընթացակարգերն ու դրանց բովանդակության մշակումն են, առանց որոնց չեն կարող լինել քաղաքական կյանք ու այս ամենից բխող՝ երկրի առաջընթաց։

ԱՄՆ-ում օրվա քաղաքական օրակարգի ձեւավորումը դեռեւս 1960-ականներին արդեն քաղաքագիտության քննության լուրջ առարկա էր դարձել, եւ սկսել էին գիտականորեն ուսումնասիրել տվյալ օրակարգի ձեւավորման մեխանիզմները, հասարակական-քաղաքական գործընթացների մասին հանրության իրազեկության աստիճանը։ Քաղաքական օրակարգի ձեւավորման վրա, որոշ հետազոտությունների համաձայն, կարեւոր ազդեցություն ունի պետական ինստիտուտների, քաղաքական դերակատարների եւ քաղաքացիական հասարակության միջեւ քաղաքական բանավեճերի մշակույթի առկայությունը։

Շարունակությունը՝ acnis.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել