«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը
10:02 - 06 փետրվարի, 2020

«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ՝ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է և հավատամքը»,- նշեց Հովակիմյանը։

Հովակիմյանը, մինչև բուն նախագծին անդրադառնալը, ներկայացրեց ստեղծված իրավիճակը, որը ներկայացնում ենք ստորև․

«2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանդրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, և նա ի պաշտոնե ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում։ Հետագայում, երբ այդ փաստաթուղթը տեղափոխվեց խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց այնտեղ՝ արդեն ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնով։ Կարելի է ասել՝ այդ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքում խնդիրներ չառաջանան։ 2015 թ․ դեկտեմբերի 6-ին ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն։ 2017-ին, երբ Հրայր Թովմասյանը ստանձնեց պատգամավորի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, սահմանադրական օրենքների նախագծերի փոփոխությունների մի զգալի մասը նա արդեն հասցրել էր կատարել։ 2017-ին նա պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում, կարելի է ասել՝ ավարտին էր հասցնում այդ գործընթացը։

Բայց այս գործընթացի հանգուցալուծումը պետք է լիներ 2018-ին, որը պետք է մատնացույց աներ Հրայր Թովմասյանի օպերացիայի նպատակը, որպեսզի ոչ ոք գլխի չընկնի մինչև այն պահը, երբ Թովմասյանը քարտերը կբացեր։ Դա ՍԴ նախագահ կարգվելն էր։ Այստեղ մի խոչընդոտ եղավ․ պարզվեց, որ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը հնարավոր չէր փոխել, մարտի սկզբին այդ պահին գործող նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարում էին մարտի 23-ին, և այս օրը նրա ծննդյան օրն էր, հո չէ՞ին կարող դա փոխել։ Բայց, փաստորեն, դա էլ կարողացան․ ուղղակի 20 օր առաջ Գագիկ Հարությունյանը հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից։

Այստեղ առանցքայինն այն է, որ Հարությունյանը ոչ թե ՍԴ անդամից հրաժարվեց, այլ հատուկ հրաժարվեց միայն նախագահի պաշտոնից։ Այդ ժամանակ հրաժարականը պայմանավորվեց նրանով, որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ։ Եթե Հարությունյանը հրաժարվեր ՍԴ դատավորի պաշտոնից, հնարավորություն չէր տա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։ Ի՞նչ տեղի կունենար։ Եթե առանց աճպարարության ուղղակի սպասեին՝ Հարությունյանի ժամկետը ավարտվեր, և միայն դրանից հետո Թովմասյանն իր երազանքն իրականացներ ու դառնար ՍԴ նախագահ։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակ վերջին քառօրյան ավարտվում էր հենց մարտի 23-24-ին, այսինքն՝ հաջորդ քառօրյան, որի ընթացքւոմ կարող էին Հրայր Թովմասյանին դնել ՍԴ նախագահ, լինելու էր ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 9-ին ուժի մեջ էր մտնելու Սահմանադրության 9-րդ գլուխը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Թովմասյանը դառնար նախագահ, դառնում էր 6 տարի ժամկետով, ոչ թե մինչև 65 տարին լրանալը։

Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, գործող ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտի հարցն է։ Գործող ՍԴ-ի 7 անդամերն առնվազն ունեն ուղղակի պատասխանատվություն։ Հայաստանում տեղի ունեցած վերջին ավելի քան երկու տասնամյակում տեղի ունեցած ընտրությունների խեղաձևման, ժողովրդի կամքի վրա բռնանալու, այդ գործընթացը չկասեցնելու, չկանխելու, Սահմանադրության 2-րդ հոդվածի կիրարկումը չապահովելու համար բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը։ Այդ ամենը տեղի էր ունենում ՍԴ-ի լուռ համաձայնությամբ, իսկ որոշ դեպքերում՝ գործուն մասնակցությամբ։ Պետք է ուղղակի հետ գնալ, թերթել այդ տարիների մամուլը, որ դրանում համոզվենք։

Արդյունքում ունենք հանրային ամենացածր վստահությունն ունեցող պետական մարմին, որը, դե ֆակտո, իր լիազորությունները իրականացնում է, բայց ամեն անգամ, եթե այս մարմինը խնդիր կունենա՝ որևէ հնչեղ գործի վերաբերյալ որոշում կայացնելու, և եթե նույնիսկ կայացնի ամենաիդեալական որոշումը, տոտալ անվաստահության պայմաններում, միևնույնն է, հանրությունը չի ընդունելու դա։ Հանրությունը, ի դեմս այս ՍԴ-ի, տեսնում է այն մարմինը, որը տարիներ շարունակ հաստատում էր կեղծ ընտրությունները, ժողովրդի հանդեպ բռնությունը և այլն։ Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող ժխտել։

ՍԴ ներկայիս կազմի մնալու դեպքում պահպանվելու է 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչև այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերությունը։ Նորընտիր դատվավորները պաշտոնավարում են 12 տարի իրենց ընտրվելու պահից, իսկ նախկինում նշանակված անդամներից երկուսը պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, 5-ը՝ մինչը 65։ Ստացվելու է իրավիճակ, որ ՍԴ-ում ունենալու ենք մի անդամ, որը պաշտոնավարելու է 33 տարի՝ ուղղակի հակասելով այսօրվա  Սահմադրության 7-րդ գլխին, իսկ նորընտիր դատավորները պաշտոնավարելու են 12 տարի։

Գանք մեր օրերին, 2018թ․  Թավշա հեղափոխությունից հետո, ըստ էության, որքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ Հրայր Թովմասյանը շարունակեց հանդես գալ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Նա շարունակեց հանդես գալ որպես քաղաքական ընդդիմադիր՝ ՀՀ ժողովրդի կամքով ընտրված իշխանություններին, ավելին՝ իր գործունեությունը բնութագրելիս ասել էր՝ խրամատում դիրքապահված։ Չեմ բացառում, որ Հրայր Թովմասյանն իրեն զգում է խրամատում, բայց նրա դիմաց հայ ժողովուրդն է։

Գանք խնդրի լուծմանը․ այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունը արել են ամեն ինչ ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը հանգուցալուծելու համար։ Այս փաստն արձանագրել են նաև ԵԽԽՎ համազեկուցողները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամները այդ հանգուցալուծման գործընթացում ունենան իրենց մասնակցությունը։ Բոլորս հիշում ենք Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու առաջարկը, որը խորհրդարանն ընդունեց և ուղարկեց ՍԴ։ Ինչպե՞ս վարվեցին ՍԴ անդամները։ Նրանք հրաժարվեցին վարույթ ընդունել, այսինքն՝ ոչ թե գնահատական, իրավական ձևակերպումներ տվեցին, այլ ուղղակի լռելյայն կիսեցին Հրայր Թովմասյանի պատասխանատվությունը։ Դարձան նրա համախոհները։

Կառավարությունն արեց հաջորդ քայլը՝ ձեռք մեկնեց ՍԴ անդամներին՝ բերելով վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքը, որը Վենետիկի հնաձնաժողվի կողմից դրական եզրակացության էր արժանացել։ Կառավարությունը հնարավորություն տվեց, որ ՍԴ անդամներն այս ճգնաժամի լուծմանն իրենք նպաստեն։ Այդ օրենքը դեկտեմբերի 26-ից ուժի մեջ է, բայց ՍԴ նախագահը և մի քանի անդամները հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում իրենց մեկնված ձեռքը բռնել, և այն անդամներին, ովքեր միգուցե որոշեն այդ ձեռքը բռնել, որակել են դավաճաններ։ Այսինքն՝ հոգեբանական ճնշումների են ենթարկել։ Վերջին մեկ ամսում Հրայր Թովմասյանի քաղաքական թիմի հետ փոխկապակցված լրատվամիջոցները տոտալ հարձակման են ենթարկել ՍԴ անդամներին, որ հանկարծ չհամարձակվեն այդ առաջարկից օգտվել։ Ամենևին չբացառելով, որ կլինեն ՍԴ անդամներ, որոնք մինչև փետրվարի 27-ը կորոշեն բռնել այդ մեկնված ձեռքը՝ բայց ստեղծված իրավիճակը և իմ կողմից նշված հայտարարությունները փաստում են, որ այս վաղ կենսաթոշակի օրենքով խնդիրը վերջնական չի լուծվելու։ Սա է պատճառը, որ մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015թ․ խմբագրության Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված ՍԴ նախագահի և անդմաների պաշտոնավարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել