Առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը. Տարոն Սիմոնյան
12:21 - 06 փետրվարի, 2020

Առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Մեկնարկել է պատգամավորների ելույթների փուլը։ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Լավ եք անում, որ պայքարում եք։ Մեկի դեմ պայքարեք, 100-ի դեմ պայքարեք, 1000-ի դեմ պայքարեք։ Ա՛յ մարդ, բայց օրենքով պայքարեք, օրենքի խախտումները մի՛ կուտակեք ձեր վրա, որ հետագայում ձեր իսկ օրենքի խախտումներով մեկ այլ գործընթաց սկսվի, որի տուժողը դուք չեք, Պողոսը չի, Պետրոսը չի՝ Հայաստանի Հանրապետությունն է։

Ես պարոն Հովակիմյանի ելույթը լսեցի և ցավոք սրտի չտեսա օրինական որևէ հիմանվորում։ Այո՛, դա լրագրողական ելույթ էր։ Այո՛, միգուցե որոշակի պատմական ելույթ էր։ Արդյո՞ք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմանվորել սահմանադրական փոփոխությունները։

Պայքարը, նպատակը հասկանալի է, ըմբռնելի է, բայց արդյո՞ք այդ միջոցները և մեթոդնեը, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն։ Իմ խորին համոզմամբ մակերեսային են։ Դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք և հետագայում ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները։ Ցավոք, չեք կարողանալու դրա տակից դուրս գալ։

Առաջին խախտումը մենք այսօր ցերեկը տեսանք՝ ընթացակարգային խախտում։ Ասեցինք, բացատրեցինք, հասկացրինք՝ առաջին կուրսի իրավաբանի մակարդակով բացատրեցինք։ Գիտեք՝ չեք ուզում ընկալեք։

Մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Ձևավորվում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը համակարգային լուծումներ պետք է առաջարկի՝ վարչապետի, կառավարության նախաձեռնությամբ, որտեղ գերակայելու են ձեր իշխանության թևի ներկայացուցիչները, եթե չհաշվենք գիտնականներին։

Ի՞նչ խնդիր ունեք։ Սահմանադրական փոփոխությունների նորմալ ընթացակարգով և ձեր ասած ՍԴ-ի խնդրը պետք է լուծվի և ամբողջ դատական համակարգի խնդիրը։ Ինչու՞ եք խուսափում համակարգային լուծումներից և ընտրում մակերեսային ճանապարհներ։

Դուք անընդհատ նշում եք, որ բոլորը մեղավոր են։ Բայց, միգուցե, ներս նայեք, տեսնեք, կարող է ձեր ընտրած միջոցներն են սխալ։ Ինչու՞ չեք հարցականի տակ դնում ձեր ընտրած միջոցները։ Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց։ Վաղաժամ կենսաթոշակի հետ կապված ինստիտուտը երբ ներդրվեց, այնտեղ հստակ Վենետիկի հանձնաժողովն ասեց՝ չպետք է հնարավորություն տրվի, որ առաջանա այնպիսի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից, որովհետև դա հակասահմանադրական իրավիճակ կառաջացնի։

Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավար դուրս գան։ Օրենքի կամ անձի իրավունքները վատթարացնող իրավիճակ նախատեսող դրույթների հետադարձութունը արգելված է նույն մեր Սահմանադրությամբ։ Այո, դուք Սահմանադրության փոփոխություն եք իրականացնում, բայց Սահամանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են և բխում են մեր պետականության հիմքերից և անձի բնական իրավունքներից։ Չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել, դրանք հետևանքներ կառաջացնեն։

Արդյո՞ք սա է լավագույն ճանապարհը։ Իհարկե՝ ոչ։ Դուք նշեցիք նաև, որ անցումային դրույթը կարելի է փոխել։ Այդ անցումային դրույթը որպես այդպիսին կիրառված է հարգելիներս։ Եթե ուզում էիք այս խնդիրը լուծել, դուք չպետք է կպնեիք այդ անցումային դրույթին, ուղղակի պետք է 7-րդ հոդվածում որևէ նոր դրույթ ավելացնեիք և այս խնդիրը լուծեիք։

Դուք իրավաբանական տեխնիկայի առումով ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կարելի է ընդամենը կարդալ։ Այլ բան չեմ ասում։ Դուք ասում եք, որ տապալելու եք առաջին ընթերցումը և դրանցից հետո հանրաքվեի եք դնելու։

Հարգելինե՛րս, կարելի է չէ՞ Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասը կարդալ հետո բացել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հատվածը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը։ Կանոնակարգ օրենքում կարգավորումը դրված է։  Բացատրում եմ, որ դուք, օտվելով առիթից, եթե ուզենաք, այդ ճանապարհը ընտրեք։

Գրված է առաջին ընթերցումը դուք պետք է հաստատեք, դրանից հետո գնա ՍԴ, ՍԴ-ի դրական եզրակացությանից հետո՝ երկրորդ ընթերցման ժամանակ, բացասական քվեարկեք, դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել։ Ախր կարելի է չէ այս ամենը կարդալ։ Մի՞թե կարելի է այդքան մակերեսային նայել ամեն ինչին։ Եթե մասնավոր ոլորտում լինեի այսքան խորհրդատվության համար բավականին կհարստանայի, բայց որևէ դրական բան ձեզնից չեմ ստանում, միայն բացասական ժպիտներ։ Չի կարելի, ժողովո՛ւրդ ջան․ կարելի է օրենքը կարդալ և շարժվել օրենքի տառին համապատասխան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել