Պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում ընդունելի են համարու՞մ, թե՞ ոչ․ վարչապետ
10:16 - 25 հունվարի, 2020

Պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում ընդունելի են համարու՞մ, թե՞ ոչ․ վարչապետ

«Ասում են՝ կառավորությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում, և եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար։ Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի թողած գյոզալ ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սրագսյանը Ղարաբաղի հարցում»,- այս մասին քիչ առաջ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ։

«Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և համենայնդեպս, պաշտոնական հերքումներ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղավ։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանը բովանդակային ինչ է թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրել հրապարակման երեք հիմնական պարբերությունները։

Պարբերություն առաջին․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ։ Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակները։ Սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Քելբաջարի և Լաչինչ վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը։

Կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին ներառող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի ամբողջական կայունության ապահովում։


Պարբերություն երկրորդ․

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար վարչական շրջանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինչ շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն երրորդ․

Միևնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

«Սա այն ժառանգությունն է, ըստ այդ հրապարակման, որը չի հերքվել, որը եղել է սեղանին: Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի: Ես ուրիշ բան եմ ասում՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ իր համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ: Թող հայ ժողովուրդն ասի՝ ընդունելի է, թե՞ ընդունելի չէ»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ եթե Արցախի ժողովուրդը որոշի՝ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, ինքը երաշխավորում է, որ նույն պահին դա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չենք ունենա:

«Ես առաջարկում և պնդում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որ շահարկումները վերանան, որովհետև երբ դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ: Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին Ստեփանակերտում ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ տեքստը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև շեշտել է, որ Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին այս կառավարությունն է և ինքն անձամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել