Նպատակ կա չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որը մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ». Հրայր Թովմասյան |aysor.am|
17:32 - 02 հոկտեմբերի, 2019

Նպատակ կա չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որը մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ». Հրայր Թովմասյան |aysor.am|

aysor.am: Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ այն ամենին, ինչն այս պահին կատարվում է Ազգային ժողովում, հետագայում դա դիտարկվելու է՝ որպես իմ կողմից ճնշում ՍԴ-ի վրա, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է՝ ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ այդ բոլոր «մեղադրանքներին», որովհետև վստահ եմ՝ հետագայում դա դիտարկվելու է, որպես իմ կողմից ճնշում ՍԴ-ի վրա: Ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ այն ամենին, ինչն այս պահին կատարվում է Ազգային ժողովում», - ասաց Թովմասյանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին:

Թովմասյանը նկատեց՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար:

«Որքան էլ պաթոսային, հուզումնալից լինեն ԱԺ-ում հնչած ելույթները, դրան բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, բնորոշումներ, փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել ու որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել», - նշեց նա:

Թովմասյանն ընդգծեց՝ իր դեմ սկսված պրոցեսը քաղաքական է:
«Այս պրոցեսն իմ կարծիքով քաղաքական է ու մեկ նպատակ ունի՝ քաղաքան որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որ մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ», որովհետև դրանք հակասում են օրենսդրությանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել