Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին
18:09 - 24 մայիսի, 2019

Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին

Ֆրանսիա Հայաստան Առեւտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ մայիսի 24-ին Մարիոթ հյուրանոցում անցկացրեց տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվեց Թուլուզի համալսարանի կողմից այս տարի Հայաստանին նվիրվող բացառիկ Սուպերհաշվիչը, որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:

Սուպերհաշվիչը մի գործիք է, որն ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման եւ դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը եւ տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Սուպերհաշվիչը կարող է ձեւավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարեւորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը:

Այն լայն կիրառություն կգտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը եւ բնապահպանությունը:

Տեղեկատվական հավաքը սկսվեց ՖՀԱԱՊ գործադիր տնօրեն Արուսյակ Լյուդի Հայրապետյանի ողջույնի խոսքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Շնայդեր Էլետրիկ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրեց Հայաստանում սարքի տեղադրման արդյունքում ակնկալվող արդյունքները, իսկ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը մանրամասն ներկայացրեց Սուպերահաշվիչը, դրա կիրառելիության համար անհրաժեշտ պայմանները եւ գործածությունը տարբեր ոլորտների համար:

Այնուհետեւ Ալան Կրուզիլը՝ Պոլ Սաբատյե համալսարանի Գիտությունների եւ ինժեներիայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնի տնօրենը, Յան Պիեռ Ժեսելը` Թուլուզի գիտահետազոտական եւ ինֆորմատիկայի ինստիտուտի փոխտնօրենը եւ Պիեռ Անրի Կռոն` Թուլուզի գիտահետազոտական եւ ինֆորմատիկայի ինստիտուտի համագործակցությունների պատասխանատուն պատմեցին սարքի գործածության ու նրա ընձեռած լայն հնարավորությունների մասին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության նախարարությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Պետական վիճակագրական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայ-բրիտանական գործարության պալատի նախագահ Արաքսիա Մարտիրոսյանը, Հայաստանում Ամերիկյան բիզնես պալատի տնօրեն Կարինե Սարգսյանը, ինչպես նաեւ մի շարք հայաստանյան եւ միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այնուհետեւ տեղեկատվական հավաքի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով կարեւորեց Սուպերհաշվիչի ընձեռած լայն հնարավորությունները՝ կրթության եւ գիտության ոլորտի զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել