Ընկալել Հայաստանը որպես օջախ ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է. Ծովինար Վարդանյան
11:53 - 24 հոկտեմբերի, 2019

Ընկալել Հայաստանը որպես օջախ ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է. Ծովինար Վարդանյան

Զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ:

- Տիկի՛ն Վարդանյան, վերջին օրերին շատ է քննարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ֆլեշմոբը, ըստ որի՝ մարդիկ պետք է իրենց ձեռագրով գրեն նրա հայտնի «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» տողերը, լուսանկարեն և հրապարակեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Դուք ևս միացել եք այդ ֆլեշմոբին:

Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակի իր ելույթի ժամանակ՝ այս խոսքերն արտասանելիս, վարչապետն ասաց, որ սա պետք է լինի յուրաքանչյուրիս առաջ մղող կարգախոսը: Ըստ նրա՝ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018-ին բերեց համահայկական հեղափոխության: Հետաքրքիր է՝ ինչու՞  է ընտրվել հենց այս կարգախոսը, և ինչո՞վ է այն կապվում հեղափոխության հետ:

- Նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Կարող եմ նշել հետևյալը. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը ընդհանուր ռազմավարության կարգախոսն է, որը պետք է ներկայացվի շուտով հանրությանը, իսկ կարգախոսի ամենակարևոր շեշտը ներառականությունն է, ինչը բազմիցս նշվել է կառավարության կամայական քայլերի դեպքում, նշվել է, որ ընդհանրապես ամեն ինչ պետք է ներառական լինի: Եվ եթե կապենք դա հեղափոխության հետ, հեղափոխությունն իրականում ժողովրդավարության հաստատուման համար էր, այսինքն՝ ժողովրդավարության ամրապնդումը երկրում, երբ ժողովորւդն ինքն է ընտրում իշխանություն և կառավարություն ձևավորում, և կարգախոսը, հետևաբար, այդ ամբողջ գաղափարախոսության մեջ շատ լավ տեղավորվում է: Այսինքն՝ ամեն քաղաքացի պետք է լինի մասնակից երկրում կատարվող գործողություններին, և ինչպես իր ներդրումը և լուման ունենա տնտեսության մեջ, այնպես էլ  ամեն անհատ իր վրա աշխատի և ինքնակրթվի, այսինքն՝ մարդը չպետք է դադարի իր վրա աշխատել և դրանով նույնիսկ ինքը արդեն մասնակից է երկրի զարգացմանը:

- Վարչապետի ստեփանակերտյան ելույթը և այս կարգախոսը ոչ միանշանակ ընդունվեցին հանրության կողմից: Նույնիսկ համեմատականներ տարվեցին նախորդ իշխանությունների գաղափարական թեզերի հետ: Ո՞րն է պատճառը, որ հանրության մի հատված վարչապետի առաջարկած նոր կարգախոսը համեմատում է նախկին իշխանությունների գաղափարների հետ:

- Նախկին իշխանությունների գաղափարախոսությունը չգիտեմ: Բավական հնչեղ կարգախոսներ լսել եմ, բայց այստեղ ամենակաևորն է, որ այդ կարգախոսներն ընդամենը օդում ասված բառեր չլինեն, դրանք լինեն իսկապես կիրառվող ու մերօրյա կյանքում նրանք ունենան իրենց կիրառությունը, և մենք հստակ տեսնենք՝ այդ կարգախոսները իրականությո՞ւն են, թե՞ ուղղակի օդում կախված կարգախոսներ են:

Ինչ վերաբերում է հանրության կողմից միանշանակ չընդունվելուն, անկեղծ ասած՝ ես Ձեզնից եմ տեղեկանում, որ հանրության կողմից նման արձագանք է եղել:
Իսկ ինչո՞վ է տարբերվում. հենց միայն այն, որ ժողովուրդն իրապես, ընտրության միջոցով հաստատեց իր իշխանությունը, և այդ ընտրությունները, որոնք տեղի ունեցան, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվեցին որպես բացառիկ, թափանցիկ և լավ կայացած ընտրություններ, այն արդեն իսկ հենց այդ ներառականությունն էր: Այսինքն՝ ժողովրդավարությունն իսկապես գցեց իր արմատներն այդ ընտրությունների միջոցով, և հետագա զարգացումը, լինի  տնտեսական, քաղաքական և այլն, և այլն, նույնպես պետք է ներառի ժողովրդին:

Իսկ ընկալել Հայաստանը որպես օջախ, կարծում եմ, ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է, որովհետև, ընդհանուր առմամբ, իսկապես հայությունը մի մեծ ընտանիք է, և բարիքը, երբ որ նույնիսկ քո փոքր ընտանիքում դու ստեղծում ես, լինի այն քո աշխատանքով, քո երեխային կրթելով, ինքդ քեզ կրթելով, այդ բարիքն իրականում այդ քո մեծ ընտանիքում ես ստեղծում, ինչքան էլ թվա, որ դու դուռը փակեցիր ու մտար տուն:

- Այս կարգախոսը տարածելը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի մի մաս է, և կառավարությունն արդեն մոտ 49 միլիոն դրամ է հատկացրել այդ նպատաով:
Ռազմավարությունը դեռ պատրաստ չէ, և վարչապետի խորհրդականն ասում է, որ պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Ինչո՞ւ են արդեն տարածել կարգախոսները (շուտով նոր կարգախոսներ, նոր ցուցանակներ պետք է հայտնվեն), եթե ռազմավարությունը դեռ պատրաստ չէ:

- Կարծում եմ՝ ոչ թե ռազմավարությունը պատրաստ չէ, այլ ռազմավարությունը դեռ ներկայացված չէ հանրությանը: Այդ մի ամիս ժամկետը որ նշվում է, այսպես թե այնպես, մի ամսում ռազմավարություն չես ստեղծի, այն վերջնական փուլի մեջ է ըստ երևույթին, որը պետք է ներկայացվի հանրությանը:

Ընդհանրապես, ամեն գործընթաց, լինի  կարգախոս, լինի  ռազմավարություն, լինի քաղաքացու կենսական գործունեությունը, ամեն ինչ պետք է փոխկապակցված լինի, այդտեղ է իր ներառականությունը:

Ներկայացնելը վաղաժա՞մ էր, թե՞ ոչ. ես չեմ կարող դրան պատասխանել: Կարծում եմ՝ վաղաժամ չէ, որովհետև այդ կարգախոսը նույնիսկ ռազմավարությունը ներկայացրած չլինելու դեպքում գործում է, այսնինքն՝ դա մի գաղափարախոսություն է, երբ մարդն իրեն զգում է իր երկրի՝ որպես ընտանիքի անդամ և մյուսներին էլ ընկալում է որպես իր ընտանիքի անդամ: Եվ նաև վերաբերմունքն է երկրին՝ որպես իր սեփական օջախի: Կարծում եմ՝ այդտեղ շուտի և ուշի խնդիր չկա:

Կուզենայի ներառականության առումով կարևորել մի բան. այն կանանց դերն է տնտեսության զարգացման մեջ, որովհետև մեր բնակչության կեսը, եթե ոչ ավելին, կանայք են, սակայն այս պահին աշխատանքի բեռը ընկած է հիմնականում արական սեռի վրա, ինչը, կարծում եմ, այդքան էլ արդար չէ:

Վերջերս մի հոլովակ էի նայում Ֆեյսբուքում՝ World Economic Forum էջում: Նշվում էին աշխարհի այն երկրները, որտեղ աշխատանքը շատ համաչափ է բաշխված, և դա բերել էր նրան, որ քաղաքացիները բավականին շատ ժամանակ էին ունենում հատկացնելու թե՛ իրենց ընտանիքին, թե՛ իրենց սիրելի զբաղմունքներին: Այսինքն՝ մարդու վրա աշխատանքի բեռը ճիշտ էր բաշխված: Կարծում եմ՝ այս կարգախոսը կարող է նաև շատ լավ ծառայել հենց այդ գաղափարախոսությանը: Կանայք պետք է աշխատեն և պետք է կիսեն աշխատանքի բեռը տղամարկդանց հետ:

- Այսինքն՝ Հայաստանը մի մեծ ընտանիք է, և այդ ընտանիքի մեջ և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է ներառված լինեն, և այդ գաղափարախոսության ներառականությունը հենց դրանո՞ւմ է։

- Ես չէի ասի, որ միայն կին-տղամարդ սեռային հենքի վրա է այդ գաղափարախոսությունը: Ես զուտ տնտեսական առումով բերեցի այդ օրինակը, իսկ գաղափարախոսությունն ավելի լայն շրջանակ ունի, այն վերցնում է վերաբերմունքը միմյանց նկատմամբ, լինի դա քաղաքակրթություն, որը դրսևորվում է ինչ-որ երիտասարդի կողմից տրասնպորտում մեծահասակի նկատմամբ, լինի  քաղաքացու վարքագիծը ենթադրենք աղբը փողոցում նետելիս, լինի  տնտեսվարողի հարկ վճարելը, այդ գիտակցությունը, որ ես  վճարում եմ, և  այն գումարն է, որը ծառայելու է սերնդին և ինձ: Այդ ամենը ներառում է, երբ բոլորս մի գործի և մի գաղափարախոսության շուրջ ենք հավաքվում:

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել