Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին
16:08 - 21 օգոստոսի, 2019

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Քանաքեռ 14 փողոցի 42 շենքի մեկ սենյականոց թիվ 22 բնակարանը կնվիրաբերվի Երևանի համայնքին՝ ծառայողական պարտակա­նությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մոր` Նունե Սողոմոնի Հակոբյանի անօթևան ընտանիքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու պայմանով: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, զոհված զինծառայող, շարքային Հ. Մանգասարյանի մայրը` Ն. Հակոբյանն իր երկու երեխաների հետ միասին բնակվում է Երևան քաղաքում` վարձակալական հիմունքներով: Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումի հիման վրա բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2018թ. հունվարի 24-ին կայացած նիստում, ինչի արդյունքում հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները` զոհված զինծառայող Հ. Մանգասարյանի մոր` Նունե Հակոբյանի բնակարանային հաշվառման ընդգրկելու վերաբերյալ ներկայացված դիմումը մերժել է` վերջին 10 տարիների ընթացքում Երևան համայնքում հաշվառում չունենալու հիմքով՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը հնարավոր կլինի քննարկել 2021թ. հուլիսի 28-ից հետո:

Նշված հանգամանքի պարագայում զոհվածի ընտանիքը հայտնվում է սոցիալական էլ ավելի անբարենպաստ պայմաններում, քանի որ իր երկու երեխաների հետ միասին ստիպված է լինում շարունակել բնակվել վարձակալությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել