Հակակոռուպցիոն խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար մրցույթն անցկացվել է խախտումներով․ արդյունքները չորս ՀԿ-ների մասով ոչ օրինական են |forrights.am|
08:46 - 05 օգոստոսի, 2019

Հակակոռուպցիոն խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար մրցույթն անցկացվել է խախտումներով․ արդյունքները չորս ՀԿ-ների մասով ոչ օրինական են |forrights.am|

forrights.am։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթը կազմակերպվել է մի շարք խախտումներով:

Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 3-րդ կետի համաձայն, նախարարությունը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:

Նույն կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը) 5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ:

«Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կագը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի թիվ 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշման 3-րդ հավելվածի 3-րդ և 5-րդ կետերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթի համար առավելագույն ժամկետ կարող է սահմանել տասը օրը։

Ընդ որում, անկախ առկա թափուր տեղերի և մրցույթին ներկայացված հայտերի քանակից` վերոնշյալ որոշմամբ բացակայում է նշված ժամկետը երկարացնելու հնարավորություն։ Այսինքն` որոշման իրավակարգավորումները թույլ են տալիս հայտարարել նոր մրցույթ, սակայն արդեն իսկ հայտարարված մրցույթի ժամկետը երկարացվել՝ հիշյալ որոշումը թույլ չի տալիս։

Սակայն, չնայած նրան, որ արդարադատության նախարարության կողմից մրցույթը նախապես հայտարարված է եղել մինչև հուլիսի 10-ը, նույն օրը նախարարությունը հայտարարություն է տարածել, որ այն հետաձգվում է 1 օրով, երբ մի կողմից վերոնշյալ որոշմամբ մրցույթի ժամկետը երկարացնելու որևէ կարգ նախատեսված չէ, ինչպես նաև արդարադատության նախարարությանը վերոհիշյալ մրցույթի ժամկետը երկարացնելու որևէ լիազորություն վերապահված չէ։

 

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ո՞ր կազմակերպություններն են հայտեր ներկայացրել, ո՞ր օրը և ո՞ր ժամին

Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, հայտարարությունը պետք է պարունակեր նաև հայտերի ընդունման օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն, հայտարարությունը, հրապարակվել է կարգի ակնհայտ խախտմամբ, որի արդյունքում այն պարունակել է միայն հայտերի ընդունման օրերի մասին տեղեկատվություն:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հայտեր ներկայացրած կազմակերպություններն են.

Ինչպես պարզ է դառնում, հայտ ներկայացրած 6 կազմակերպություններից 4-ն իրենց փաստաթղթերը ներկայացրել են հուլիսի 11-ին՝ մրցույթի ավելացված օրը, ուստի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը չէր կարող հաստատել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին, քանի որ վերոհիշյալ չորս ՀԿ-ները իրենց հայտերը ներկայացրել էին վերոնշյալ կարգով սահմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված ժամկետի` հուլիս 10-ի ավարտից 1 օր հետո:

Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը կայացել է, և նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է հուլիսի 11-ին (մրցույթի ժամկետի ավարտի նույն օրը):

Ինչպես արդեն նշվեց, փաստացի խախտվել է վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 4-րդ կետի 2-րդ ենթակետը, երբ հայտարարությունը չի պարունակել հայտերի հանձնման վերաբերյալ տեղեկատվություն, որի խախտման արդյունքում էլ դրսևորվել է հայեցողություն:

Հատկանշական է, որ եթե մրցույթը ավարտված է համարվում հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին (ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային ժամերի ավարտը), ապա ինչպե՞ս է դիտարկվել և դրական եզրակացություն տրվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայտին, եթե այն ուղարկվել էր հուլիսի 11-ին, ժամը 18:13-ին: Իսկ եթե մրցույթի ավարտը համարվում է հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ե՞րբ են քննարկվել և ամփոփվել մրցույթի արդյունքները, եթե կազմված արձանագրությունը ևս հուլիսի 11-ին է կազմվել:

Ավելին, եթե մրցույթի ավարտը համարվել էր հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ստացվում է, որ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է կամայականություն և 18.13-ին հայտը ստանալուց հետո ձեռնամուխ է եղել հայտերի ուսումնասիրմանը, և այստեղ իրավացիորեն հարց է առաջանում որտեղի՞ց և ինչպիսի՞ երաշխիքներ ուներ նախարարությունը, որ մինչև 23.59-ը այլ ՀԿ-ներ հայտեր չեն ներկայացնելու։

Հարկ է ընդգծել, որ եթե նույնիսկ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ՀԿ-ների հայտերի ներկայացման ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված լիներ և ոչ բավարար հայտերի պատճառով առաջանար անհրաժեշտություն ՀԿ-ների հայտերի ընդունման հայտարարված ժամկետը երկարացնելու, ապա անտրամաբանական է թվում, թե մեկ օրվա ընթացքում ինչպես պետք է այդ բացը լրացվել։ Քննարկվող հարցի պարագայում, անհասկանալիորեն հենց այդ մեկ օրվա ընթացքում են դիմել մասնակցող հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը։

Նման պայմաններում ողջամտորեն առաջանում են հիմնավոր կասկածներ առ այն, որ հուլիսի 11-ին հայտեր ներկայացրած հասարակական կազմակերպությունների և ՀՀ արդարադատության նախարարության միջև եղել է նախնական` ոչ օրինական և իրավաչափ պայմանավորվածություն, և վերջինս մեկ օրով նախատեսված մրցույթի ժամկետը երկարացրել է նախապես համաձայնեցված հասարակական կազմակերպությունների մուտքը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ապահովելու համար։

Նշենք նաև, որ վարչապետի որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի (Խորհրդի գործունեության կազմակերպումը) 6-րդ կետի համաձայն՝ Խորհուրդը համարվում է ձևավորված՝ անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից։ Այսինքն, ակնհայտ է, որ մրցույթի երկարաձգումը նպատակ չէր հետապնդում ապահովելու զուտ ձևավորելու Խորհրդի կազմը։

 

 

Ավելին՝ forrights.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել