2014-ին մշակված փաստաթղթի համաձայն՝ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է․ Փաշինյան |shantnews.am|
12:12 - 04 օգոստոսի, 2019

2014-ին մշակված փաստաթղթի համաձայն՝ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: 2014 թվականին Հայաստանի իշխանությունները կազմել են գաղտնի փաստաթուղթ, որի եզրակացության համաձայն՝ հեղափոխությունից առաջ և ինչ-որ չափով նաև դրանից հետո Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս մասին իր այսօրվա ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ փաստաթղթին ծանոթացել է դեռ նախորդ տարի, սակայն որոշել է արագ հետևություններ չանել ու ևս մեկ անգամ կարդալ արձակուրդի ժամանակ։ Փաշինյանն ասաց, որ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ նույնիսկ դրա անունը չի կարող տալ, բայց դրա հեղինակները բավական համարձակ են եղել, քանի որ մատնանշել են Հայաստանի այդ վիճակը։

«Ըստ էության՝ սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթուղթն օգնում է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան երկրում, որոնք պետք է լուծվեն։ Նա բացատրեց, որ չկան այն ինստիտուտները, որոնք պետք է լուծեն մարդկանց խնդիրները, և բերեց ճանապարհաշինության օրինակը, երբ գումարը հատկացված է, բայց ամեն ինչ չէ, որ որակով և ժամանակին է իրականացվում։

Արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստանում զրոյից պետք է ստեղծվեն ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն առկա խնդիրները։ Եվ ինստիտուտ ասելիս, ըստ Փաշինյանի, պետք է հասկանալ ընդհուպ մինչև անկախ դատական համակարգ, գնումների գործող համակարգ և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել