ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել մահապատժի մորատորիում հայտարարել |news.am|
06:59 - 05 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել մահապատժի մորատորիում հայտարարել |news.am|

news.am: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կառավարությանը կոչ է անում մահապատժի կիրառման մորատորիում հայտարարել, նշված է նրա՝ «Մարդու իրավունքների դրությունը Իրանում» թեմայով զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զեկույցը տեղեկություններ է պարունակում, որոնք ստացվել են Իրանի կառավարությունից, պետական լրատվամիջոցներից, ՀԿ-ներից, բաց աղբյուրներից եւ մահապատժի դատապարտվածների, ինչպես նաեւ նրանց ազգականների ու փաստաբանների հետ անհատական զրույցներից: Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի մայիս Իրանի կառավարությունը դրական փոխգործակցություն է հաստատել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հետ: Վարչության ներկայացուցիչները 2019-ի մարտին այցելել են Թեհրան եւ հանդիպումներ ունեցել՝ երկրում մարդու իրավունքների ոլորտի իրավիճակը, ներառյալ անչափահասների շարունակվող մահապատիժները քննարկելու համար:

«Գլխավոր քարտուղարը կառավարությանը կոչ է անում վերացնել պարտադիր մահապատիժը եւ դրա կիրառման մորատորիում հայտարարել, արգելել ցանկացած հանգամանքի դեպքում անչափահաս իրավախախտների մահապատիժը»,- նշված է Իրանի կառավարությանն ուղղված հանձնարարականներում:
Զեկույցում նշված է, որ Իրանում մահապատիժը շարունակվում է կիրառվել որպես հանցագործությունների պատժամիջոց, «որոնք չեն պարունակում դիտավորյալ սպանության տարր, ինչպես նաեւ հանցագործությունների համար, որոնց սահմանումը լղոզված բնույթ ունի»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այնպիսի հանցագործություններին, ինչպես «իֆսադ-ֆի-լ-արզը» (երկրում սրբապղծության տարածումը) եւ «մոհարեբեն» («Բարձրյալի հանդեպ թշնամական գործունեությունը», որը կառավարությունը մեկնաբանում է որպես հանցավոր արարք մահաբեր զենքի օգտագործմամբ այլ անձանց կամ ընդհանրապես հանրության դեմ):

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ 2018 թվականին առնվազն 253 մարդ մահապատժի է դատապարտվել: Զեկույցի հեղինակների տվյալներով՝ սա զգալիորեն ավելի քիչ է, քան 2017 թվականին, «երբ գրանցվել էր մահապատժի առնվազն 427 դեպք»:

«Մահվան այդ դատավճիռներից առնվազն 38-ը կայացվել է «իֆսադ-ֆի-լ-արզ»-ի եւ «մոհարեբե»-ի հանցագործությունների պատճառով։ 79 մահապատժից 59-ը ի կատար է ածվել 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը»,- նշում են զեկույցի հեղինակները։ 2018-ին մահապատիժների թվի կրճատումը՝ 2017 թվականի համեմատ, հեղինակները կապում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին օրենքում 2017 թվականի նոյեմբերին լրացում մտցնելու հետ։ Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 2018 թվականին մահապատժի է ենթարկվել 24 մարդ, այն դեպքում, երբ 2017-ին գրանցվել է 231 նման մահապատիժ, ասված է փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել