Այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, չեմ կարող հիմա հրապարակել. փոխնախարարը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին |aysor.am|
08:35 - 04 դեկտեմբերի, 2019

Այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, չեմ կարող հիմա հրապարակել. փոխնախարարը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին |aysor.am|

aysor.am: Ի պաշտոնե այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, ես չեմ կարող հիմա հրապարակել, որովհետև դրա իրավասությունը չունեմ, «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ՝անդրադառնալով օրերս Արցախում զինծառայողի ինքնասպանության ու մեկ այլ զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքին։

Փոխնախարարը կոչ արեց ձեռնպահ մնալ տարատեսակ մեկաբանություններից։

«Մամուլում հրապարակումներ են լինում, որոնք չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա։

Բալայանի խոսքով՝ առաջին րոպեից սկսած՝ իրավասու բոլոր մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատում են։

Փոխնախարարն ասաց, որ զինակոչիկին պետք է սովորեցնել ավելի հանդուրժող լինել։

«Երկու մեր զինածառայողները, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը շատ հազվադեպ է լինում, այսինքն՝ եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, նրանք միևնույն մարտական դիրքում չէին նշանակվի հերթապահության», - ասաց Բալայանը։

Նա նշեց, որ պետք է ապավինել քննիչի կամ դատավորի համապատասխան գիտելիքներին, որպեսզի պարզ լինի մոտիվը՝ ինչ է եղել։

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել