Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել․ իրավահաջորդի ներկայացուցիչ |pastinfo.am|
05:38 - 05 դեկտեմբերի, 2019

Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել․ իրավահաջորդի ներկայացուցիչ |pastinfo.am|

pastinfo.am։ Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ մարմնի վրա հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով։ Ճակատային հատվածում՝ հրազենային վիրավորում։ Գնդակը դուրս է եկել ծոծրակից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու հանգամանքը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է մեկ հրազենային վնասվածք։

Հարցին, թե ի՞նչ զենքից է արձակվել կրակոցը՝ փաստաբանը նշեց, որ նախնական տվյալներով այն արձակվել է ինքնաձիգից, իսկ թե ում է պատկանել զենքը, պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո։

Հայարփի Սարգսյանը,ով տվյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, մասնակցել է դիակի դատաբժշկական փորձաքննությանը։

Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։

Վիրավոր զինվորը դեռ գիտակցության չի եկել. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով մեղադրյալ դեռ չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել