Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, և իշխանությունը հրաժարվել է. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
10:58 - 11 դեկտեմբերի, 2019

Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, և իշխանությունը հրաժարվել է. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արդարացված չի համարում ընդդիմադիր գործընկերների այն քննադատությունը, թե իշխանությունը ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ուզում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն: Սիմոնյանը վստահեցնում է՝ ստեղծված համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, սակայն այս իշխանությունը հրաժարվել է:

ԱԺ փոխնախագահն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Սիմոնյանը նախ նկատեց՝ կա դատական իշխանության խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլ նաև, օրինակ, ԲՀԿ-ի իրենց գործընկերները, որոշ դատավորներ ևս խոսում են այդ մասին: «Սակայն, երբ քայլ է արվում որևէ բան լուծելու, չգիտես ինչու, շահարկվում է այն բանը, թե իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի: Եթե նման քայլի գնալու լինեինք, ապա այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար: Եվ այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, և իշխանությունը դրանից հրաժարվել է»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, դատական համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ:

ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ ուզում են ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Նա նշեց՝ այս ամենի մեջ որևէ ավել բան չկա ու չի կարող լինել: Սիմոնյանի կարծիքով՝ դատական համակարգը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանություններին: Նա նկատեց՝ նաև դրա պատճառով է, որ «քաղբանտարկյալ», «դատավորներին Բաղրամյան 26-ից զանգել» և այլ արտահայտություններ շրջանառության մեջ են եղել շատ ավելի վաղ՝ մինչև անգամ իր քաղաքականության մեջ մտնելը:

ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել