Շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել, ինչո՞ւ սպանվեց. Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում |aysor.am|
12:24 - 19 հունիսի, 2019

Շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել, ինչո՞ւ սպանվեց. Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում |aysor.am|

aysor.am։ 2008-ի մարտի 1-ին սպանված ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրիկին՝ Ռուզաննա Հարությունյանին հետաքրքրում է մի հարց՝ եթե ցուցարարները անկարգություններ էին անում ու հրաման կար կրակել, ինչո՞ւ իր զինծառայող որդին սպանվեց։

«Իմ որդին ոչ անկարգություն է արել, ոչ ցուցարար է եղել Լեոյի փողոցի վրա, ինչո՞ւ իմ որդին զոհվեց, շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել։ Ո՞վ եկավ հասավ Լեոյի փողոց ու սնայպերի գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց։ Էն ժամանակ, որ իմ որդին կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցում։ Էդ օրը երեկոյան ժամը յոթի կողմերը իմ որդուն տեսանք Օպերայում, ասեց՝ մամ մեզ կարող ա տանեն զորամաս, ամեն ինչ վերջացավ, մինչև մենք իջանք կանգառ, ավտոբուսներով տարան երեխեքին Լեոյի փողոց, ընդեղ սկսվեց կռիվ-պատերազմ։

Ժամը ինն անց կես պարոն Քոչարյանը հեռուստատեսությամբ ելույթ ա ունենում և ասում ա, որ մեր կողմից էլ զոհեր կան։ Էդ ժամանակ իմ որդին դեռ կենդանի էր։ Ինչո՞ւ համար, միայն նրա համար, որ ինքը կարողանար հատուկ դրություն մտցներ քաղաքում...», - դատարանում ունեցած իր ելույթում հայտարարեց տիկին Հարությունյանը։

Նա պարբերաբար հարց էր հնչեցնում՝ ո՞վ կրակեց իր որդուն։

«Ես հասկանում եմ ներքևի հատվածում անկարգություններ էին կատարվում, բա Լեոյի փողոցում ո՞վ կար, որ իմ երեխուն խփեցին, ինչո՞ւ իմ որդուն խփեցին, որ ապացուցեին, որ զորքի կողմից էլ զոհեր կան ու հատուկ դրություն պետք է մտցնե՞լ։ Ո՞վ է հրաման տվել, որ զինվոր սպանեն։ Ինձ համար հիմա միևնույնն է, իմ որդին էլ հետ չի գա։ Նա ուսանող էր, իրավաբանականի երկրորդ կուրսի, նա մեծ ծրագրեր ուներ իր ապագայի մասին, կարող ա հիմա ձեր նման մեկի փոխարեն նստած լիներ իմ որդին։ 11 տարի է՝ չեմ կարողանում հասկանալ՝ ոնց եղավ։

Իմ ամուսինը չդիմացավ, որդուս մահվանից երկու տարի հետո մահացավ։ Մինչև հիմա ես ուզում եմ իմանալ՝ էդ ո՞ր շուն շան որդին էր իմ որդու վիզը կտրեց։ Ինձ պատասխանեք՝ ինչի՞ համար զոհվեց իմ որդին։ Ինձ համար հիմա միևնույնն ա՝ կդատվի Քոչարյանը, չի դատվի Քոչարյանը, կնստի՞ որևէ մեկը, իմ որդին հետ չի գա։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց», - լացակումած հարցեր էր հնչեցնում Տիգրան Աբգարյանի մայրը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է դատախազության և տուժողների ներկայացուցիչների բողոքները։ Դատախազությունը և տուժողների իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանին Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու որոշումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել