Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
11:12 - 16 մայիսի, 2024

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող

11։00- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները ՀՀ կառավարության շենքի դիմաց են։ Գործադիրի շենքը շրջափակել են ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ վահաններով պատ կազմած։ Տասնյակ ոստիկաններ փակել են Մելիք Ադամյան փողոցի մուտքը՝ Տիգրան Մեծ պողոտայի կողմից։ Քիչ անց կմեկնարկի Կառավարության հերթական նիստը։

Մայիսի 15

20։05- Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Այժմ քաղաքացիները շարժվում են Սբ. Աննա եկեղեցի։

19։40- Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն Հովհաննսյանը հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։  Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։

19։00-Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճ էր ընթանում։ *Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը։

17։37- Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպում չի ունեցել։ Նա հանդիպել է նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Նա նաև նշեց, որ «մեկ ուժի, շատ ծանրակշիռ ուժի հետ» են հանդիպել՝ չնշելով, թե որ ուժն է դա, և որ այդ ուժը կհանրահռչակի դրա մասին։

16։59- Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի մայթը, որ պաշտոնյաների ու միջոցառման հյուրերի մեքենաներն անցնեն։

16։։22- Տասնյակ քաղաքացիներ հյուսիսային պողոտայով շարժվում են Օպերա: Այս պահին հասել են Թումանյան փողոց, որը փակ է երկաթե պատնեշներով և ոստիկանական ուժերով։ Նրանք վանկարկում են «Հայ, Հայրենիք, Հայաստան, Արցախ» ու թմբուկ զարկում։

16:09- Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր» կուսակցութան անդամների, Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, բժիշկների հետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ անսացել են իր կոչին, դուրս են եկել և անհամաձայնություն հայտնող քաղաքացիների փոխարեն փակել են փողոցները։

16։00- ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից։ [ՆԳՆ ոստիկանություն]

15։58- Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։

15։49- Օպերայի շրջակա տարածքը՝ այս պահին։  «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։

15։18- Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Թատրոնում տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։ |news.am|

14։45- Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար։ Վանաձորի՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական ՀԿ շահառուներ հանդիսացող մի խումբ բնակիչներ հաղորդում են ներկայացրել, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թ. ՀՀ-ում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին։ Հիշյալ անձը 2024թ․ ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Ոսկեպար է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված 7 անձի, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր ու ստացել խոստացված 3000-ական դրամները։ Պարզվել է նաև, որ 2024թ․ մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները՝ նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր: [ՔԿ]

12։25- ԱՆ-ից պարզաբանում են՝ Սամվել Դանիելյանը կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Մայիսի 15-ին Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել է։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

12։07- Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Ըստ բժիշկ Գևորգ Թամամյանի՝ «այս ամենն ունի քաղաքական հիմքեր»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Թամամյանը հայտնել է, որ օրեր առաջ Դանիելյանը քայլերթի ժամանակ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ, ինչն էլ «ցնցումներ է առաջացրել բարձրագույն ղեկավարության շրջանում»․ «Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել։ 20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքն ավարտվեր, որոշել էին էսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»։

11։52- «Ազատազէն» կազմակերպությունից հայտնում են, որ ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը։ «Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման և իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը»,- ասվում է հայտարարությունում։

11։25- Այսօր՝ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու՝  Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ,  Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։Նշենք, որ ֆորումին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ իրենք ևս գնալու են Օպերայի բակ՝ բողոքի ակցիա իրականացնելու։

10։25- 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի. հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։  «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։  Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

09։45- Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել։ ՔԿ-ից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը [Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում], այնտեղ գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին՝ կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

Մայիսի 15

16։30- ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բոլորն ազատ են արձակվել։ |azatutyun.am|

13։40- Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր։ «Մայիսի 11-ին Երևանի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որի մոտ հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը)»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

13։01- Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Տվյալներ են ստացվել, որ դեպքի պահին [ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայիծ առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։ Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

10։55- Այսօր առավոտյան ոստիկանական մեքենան հետիոտնային անցումի վրա գրեթե վրաերթի է ենթարկել Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Լրատվականից հայտնել են, որ այս պահին լրագրողը բժշկական կենտրոնում է, նրան հետազոտում են։ (Տեսանյութը՝ այստեղ)

10։50- Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։ Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք միմյանց ձեռք սեղմեցին։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։ Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։

10։32-  Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։

10։15- Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 անձ է տարվել Ոստիկանություն։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

09։30- Քաղաքացիները մայրաքաղաքում որոշ խաչմերուկներ են փակել աղբամաններով, ինքնագլորներով։  Ժամանակ առ ժամանակ փողոցները դարձյալ փակվում են, սակայն ոստիկանները բացում են՝ հեռացնելով օգտագործված առարկաները։ Կան բերման ենթարկվածներ։

09։00-  Այսօր վաղ առավոտից Երիտասարդական մետրոյի դիմացից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները իրազեկման երթ են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։


Մայիսի 13

21։30- Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 10:00-ին, կգնամ ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն։ 

[Բագրատ Սրբազան]

19:50- Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը, որի ժամանակ ներկաները ամփոփելու են այսօրվա իրադարձությունները, քննարկեն հաջորդ անելիքները։

15։52- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց լրագրողների ուղեկցության մի քանի րոպեով մտավ ԳԱԱ գլխավոր շենք: Դուրս գալով նա հայտնեց, որ հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է խոսվել հանդիպմանը, Բագրատ Սրբազանը, սակայն, մանրամասներ չհայտնեց։ ԳԱԱ-ից մասնակիցները երթով վերադարձան Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19։00-ին մասնակիցները կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ:

15։30- Բողոքի ակցիաների ընթացքում այսօր Երևանում բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։ [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան] |factor.am|

13։40- Բագրատ Սրբազանը Գրողների միությունից հետո գնաց ԳԱԱ։ Սակայն Ակադեմիայի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված, եւ արքեպիսկոպոսը ներս չմտավ։ Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանեցին ոստիկանները, Սրբազանը պատասխանեց՝  «ես չուզեցի։ Մեր Տերն ասում է՝ որտեղ կընդունեն ձեզ, մտեք, ասեք խաղաղություն ձեզ, որտեղ կտեսնեք՝ ինչ-որ խնդիր կա, ոտքներիդ փոշիները թափ տվեք եւ խաղաղությամբ հեռացեք»,- ասաց Սրբազանը։ Բագրատ Սրբազանն այդտեղից գնաց ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղի աշխատակիցները, ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ,  դիմավորեցին նրան։

13։10-  2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ  ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [Քննչական կոմիտե]

12։47-  Բագրատ Սրբազանը երթով հասավ Գրողների միության շենք, որտեղ նրան դիմավորեց Գրողների միության նախագահը, ծափողջույններով ընդառաջ եկան Միության անդամներ։

12։25- Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի հետ։ [ՆԳՆ ոստիկանություն] 

12։05- ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին։ [ՄԻՊ գրասենյակ]

11։35- Առավոտյան 11։25-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի՝ 151 մասնակից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։ |azatutyun.am|

11։30- Այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։ Տեսանյութերը՝ այստեղ

11։26- Բագրատ Սրբազանը քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Սրբազանը առանձնազրույց ունեցավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։ Այս պահին երթը շարժվում է դեպի Գրողների միություն։

10։50- 10։30-ի դրությամբ կա 134 բերման ենթարկված։ [ՆԳՆ ոստիկանություն] |armeniasputnik.am|

10։10- Ժամը 10-ի դրությամբ` Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ [ՆԳՆ ոստիկանություն] |tert.am|

09։24- Քաղաքացիները փակել էին Կիեւյան-Օրբելի խաչմերուկը։ Քիչ անց ոստիկանական ծառայողները բացեցին այն՝ բերման ենթարկելով քաղաքացիների։

Տեսանյութը՝ այստեղ

09։13- Մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, այդ թվում՝ Գյուլբենկյան, Վաղարշյան, Աբովյան, Թբիլիսյան։ Ոստիկանական ծառայողների կողմից դրանք հիմնականում բացվում են։

Լուսանկարները՝ Հրաչյա Քոչար-Գյուլբենկյան հատվածից


08։47-
«Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Իշխան Գեւորգյանը շղթայով փակել էր Բաղրամյան փողոցի մի հատված՝ Կասյանի կամրջի մոտ։ Նա իր ձեռքերին էր փաթաթել շղթաներն ու ցուցադրում էր Տավուշի մարզի՝ սահմանագծման արդյունքում հակառակորդին տրվող տարածքների քարտեզը՝ «Ես հաշտ չեմ» գրությամբ։ Բողոքի ակցիայից քիչ անց ոստիկանության ծառայողները կտրեցին շղթան, պոկեցին այն Իշխան Գեւորգյանի թեւերից ու բերման ենթարկեցին նրան։

Մայիսի 10

19։00 -   Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

17։30- Բնակիչները փակել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհը։ Այս մասին հայտնում է կիրանցեցի Գոհար Վարդանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Մի խումբ քաղաքացիներ էլ փակել են Սպիտակ - Երևան մայրուղին։

 Լուսանկարը՝ Կիրանցից

16։50- Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարություններին, ասաց․ «Իմփիչմենթի գործընթաց թող բերեն, անեն, բայց տվյալ հոգևորականն ասում էր՝ 20 ձայն է պակասում: Որտեղ է այդ քսան ձայնը. 3 տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն: Այս պահին եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն: Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ մեկուկես ձայն: Չնայած ինքն անուններ է տալիս (նկատի ունի Բագրատ Սրբազանի ելույթը), որտեղ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ, առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»:

15։36- Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով։ [Քննչական կոմիտե]

14։54- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասել է Հանրապետության հրապարակ։ Նա հայտարարեց, որ հիմա փողոցներ փակելու անհրաժեշտություն չկա․ կարող են հանգստանալ մինչև հանրահավաքը, որը նախատեսված է 18։30։

14։20- Բագրատ Սրբազանը նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի, որը երբեք չի թաքցրել․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։ Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է՝ արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։

13։40- Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։

13։15- Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ուսանողներին թույլ տալ հայտնել իրենց անհամաձայնությունը։  «Ես ամաչում եմ Դավիթ Գյուրջինյանի [Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր-խմբ․] փոխարեն։ Իմ դասախոսն է եղել, իմ ընկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով համալսարանի դռները փակելուն և իրենց ներս չթողնելուն։

13։04- Ես հավակնություն և ցանկություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է։ Ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունների ասել է Բագրատ Սրբազանը։ Այն հարցին,  թե ինչ դիրքորոշում կունենա Սրբազանը, եթե ժողովուրդը իրեն տեսնի վարչապետի պաշտոնում, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ ընթացքը կորոշի․  «Աստծո կամքով թող գնա ընթացքը։ Ժամանակա թող գա կիմանանք, սկզբունքորեն կարծում եմ, որ դա ճիշտ չէ»։

12։35-  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հերթով գնում է համալսարանների մոտ։ Երթը հասավ նաեւ Կոնսերվատորիայի շենքի մոտ, որի մուտքի դռները ներսից փակել էին մի պահ, բայց հետո բացեցին Բագրատ Սրբազանի առաջ, նա ներս մտավ։ Կոնսերվատորիայի շենքից պաստառներով ուսանողները դուրս եկան։ Քիչ անց Բագրատ Սրբազանը դուրս եկավ շենքից, այժմ երթը շարունակվում է։

12։18- Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։

12։15- Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ «Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն խորհրդարան և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Օսկանյանը։ |hetq.am|

11։30- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ ԵՊՀ։ Այստեղ տասնյակ ուսանողներ երթը դիմավորեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի աստիճաններին կանգնած՝ «Սարդարապատ» երգելով։

10։50- Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։  «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։ Կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։ Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։

10։29-  Մի խումբ երիտասարդներ «ուսանող ոտքի» վանկարկումով հորդորում են դասադուլ իրականացնել ԵՊՀ ուսանողներին։ Նրանք այժմ շրջում են ԵՊՀ մասնաշենքերում։

10։15- «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։  Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։ Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։

10։07- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։ Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․ «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել