Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
12:16 - 10 մայիսի, 2024

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
 
«Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
 
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։
 
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել