Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|
13:22 - 09 մայիսի, 2024

Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|

news.am: Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը:

«Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, բնականաբար, այս բողոքը հասունացել է ժողովրդի մեջ, այլ հարց է, թե այս բողոքը ճիշտ կտանեն կազմակերպիչները, թե սխալ. դա վճռվելու է այս օրերին:

Հարցին՝ կհաջողվի՞ մեծ զանգվածներ հանել պայքարի, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն»:

Նա կարեւորեց, թե ինչ հարցերում են քննադատում իշխանություններին. «Կարող է մեկը գա ասի՝ եկեք վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, ու եթե դու այդ հարցը չես դնում, դրա համար քեզ քննադատում ենք: Կամ այն, ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը, որ ասաց՝ եկեք 1993 թվականի շփման գծով սահմանազատում անենք: Դա հիմարություն է: Եթե այդ տեսակետից պետք է քննադատեն Նիկոլ Փաշինյանին, դրանով նրան կուժեղացնեն: Իսկ եթե խոսքը լինի ռեալիստական, նորմալ պահանջների մասին, օրինակ, որ մերժելով այս անգլուխ, հտվածային սահմանազատումը, առաջարկեն ամբողջական սահմանազատում, բայց չմերժեն սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գալու գաղափարը: Եթե մոտեցումները դա լինեն, դա կհավաքի ժողովուրդ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, շատ մեծ է հավանականությունը, որ կարելի է հասնել արդյունքների: Բայց ոչ մի բան երաշխավորված չի կարող լինել»,- ասաց Զուրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել