Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա. վետերանների միավորումը Մայիսի 9-ը տոնելու հստակ ծրագիր ունի
 |armenpress.am|
10:10 - 09 մայիսի, 2024

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա. վետերանների միավորումը Մայիսի 9-ը տոնելու հստակ ծրագիր ունի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա և բոլորի սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական արտոնությունները: 

«Ներկա պահին մենք շարժվում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին օրենքով, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի  մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»,- ներկայացրեց նա: 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Նա տեղեկացրեց՝ վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով: Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

«Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև` 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը, ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- հայտնեց նա:

Կեսոյանը ընդգծեց՝ վետերանները ստանում է ամենամսյա պատվովճար՝ 100 հազար դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս: Հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: 

ՀՀ Մարշալ Բաղրամյանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը նշեց՝ Հայաստանի վետերանների միավորումը Մայիսի 9-ը տոնելու է հստակ ծրագրով: Նա ցավով տեղեկացրեց՝ ողջ վետերանների 40 տոկոսն է, որ հենաշարժողական խնդիրներ չունի, մնացածը ի վիճակի չեն քայլել: 

«Մեր ծրագիրն է լինել հաղթանակի այգում, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո մասնակցել «Անմահ գնդի» քայլերթին, նախատեսվում է ընդունելություն ՌԴ դեսպանատանը, ինչպես նաև «Անմահ գունդ» միջազգային կազմակերպությունում»,- ասաց Եսայանը: 

Նա խոսեց նաև իրենց մտահոգող ամենամեծ խնդրից՝ ընդգծելով, որ մնացած խնդիրները բարձրաձայնելու կարիք չի տեսնում: 

«Ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում գործունեություն ծավալած անձինք, որոնք ավելի մեծ ներդրում ունեն հաղթանակի մեջ, այսօր ոչ մի ուշադրության չեն արժանանում: ԱՊՀ վետերանների միջազգային միության կորդինացիոն խորհրդի անդամ եմ և կարող եմ փաստել, որ բոլոր նախկին հանրապետություններում, բացի Մերձբալթյան երկրներից, թիկունքայինները հավասարվեցված են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայաստանում դա չի արվում,- նշեց Եսայանը և հույս հայտնեց, որ խնդիրը լուծում կստանա: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել