Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը
21:58 - 08 մայիսի, 2024

Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։

«Նա անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու ենթակա ծառայություններում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին։

Խոսելով աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների կազմակերպման և համակարգմանն ուղղված նախարարության քաղաքականության մասին՝ փոխնախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումներին՝ մասնավորապես առանձնացրել է թիրախային երկու ուղղություններ, որոնք միտված են ինչպես աղետների դեպքում պետության պատշաճ արձագանքմանը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումն ապահովելուն, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի հետևողական բարձրացմանը։

Պատվիրակության ղեկավար Յոհան Զաթհոֆն իր խոսքում ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները:

Նա ներկայացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի նախարարության կառուցվածքը և իրավասությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառումները և աշխատանքները համակարգված և փոխլրացված կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում՝ երկու պետությունների աղետների ռիսկի կառավարման ոլորտի ռազմավարություններում համագործակցության ուղղությունները սահմանելու համար։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել