Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում
15:10 - 07 մայիսի, 2024

Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում

Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում։ Այս մասին ասուլիսի ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համատեքստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ եկեղեցին իրենց հետ հակամարտում է, թե ոչ՝ ինքը պիտի պատասխանի։

«Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դրա ներկայացումը նշանակում ա, որ նրանք խոստովանում են հոգեւոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը։ Ի միջի այլոց, կարելի ա ուշադիր հետեւել․ էսօր կան Հայաստանում հոգեւորականներ, ովքեր իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում։ Ի՞նչն ա հոգեւոր առաջնորդությունը, դա մարդկանց օգնելն ա, աջակցելն ա, պայմանական ասած, Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն ինքն իր հետ ներդաշնակություն գտնի։ Եւ այսօր կան հոգեւորականներ, որոնք հենց ճշգրիտ էդ գործունեությունն են իրականացնում, հոգեւոր համայնքներ կան, հոգեւոր կյանքով են ապրում»։

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են․

«Մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են, եւ, ցավոք սրտի, էս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ, ոչ բոլորը, բայց շատերը։ Վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել»։

Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարգախոսներին․

«էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կա՛մքը, ժողովրդի կա՛մքը։ Ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում ա խաղաղություն։ Էսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում, ո՞ւմ անունից են պատերազմը քարոզում, ի միջի այլոց․․․։ Եւ, էս ժողովրդի կամքն անկասելի ա, ես էստեղ եմ ժողովրդի կամքով եւ էստեղ չեմ լինի ժողովրդի կամքով»։

Փաշինյանը նշեց՝ իշխանությունը իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր․ «Այսինքն՝ ժողովրդի ձեռքին է։ 2021-ին ժողովուրդն իրեն վերադարձրած կամ իր ձեռքի իշխանությունը պատվիրակել ա, եւ ես իրականացնում եմ էդ պատվիրակումը՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը ապահովելու։

Եթե ժողովուրդը որոշում ա, որ ինքը պատերազմ ա ուզում, ինքը այլ ուղղությամբ ա գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ էդ եմ անում։ Նրանք, ովքեր ուզում են ուրիշներին մեղադրել պատերազմից վախենալու մեջ, մենք պատերազմից չվախենալն էլ ենք ի ցույց դրել։ Բայց էլի եմ ասում, պարզվեց, որ էն պատերազմի հետ առնչություն ունեցող մի մասը խնդիր ունի պատերազմը շատ թե քիչ նպաստավոր դարձնելու, մյուս մասը՝ ընդհակառակը՝ խնդիր ուներ պատերազմը Հայաստանի ներքում քաղաքական բորբոքումներ հարուցելու եւ իշխանափոխություն անելու առիթ օգտագործելու», - հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այն պահին, որ ժողովուրդը չի ուզենա ինքը լինի վարչապետ, ինքը չի լինի վարչապետ, բայց կամքը պետք է լինի «ժողովրդինը, եւ ոչ թե հակաժողովրդինը»․

«Սա շատ էական տարբերություն ա։ Հիմա էլ դուրս են եկել, ասում են՝ ձեզ ինչ, նախկիններին ենք ուզում բերենք իշխանության, կներեք, բայց դուք ով եք, որ որեւէ մեկին բերեք կամ չբերեք իշխանության․ որեւէ մեկին իշխանության կարա բերի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որեւէ մեկին իշխանությունից կարա զրկի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը», - նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել