ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը․ Նիկոլ Փաշինյանը՝  ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտության մասին
12:21 - 07 մայիսի, 2024

ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի սկզբում Փաշինյանը ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար, որի ետնանկարում պատկերված է Արագած սարը։

Նրա խոսքով՝ սահիկաշարը սպառիչ չէ, չի անդրադառնում արտաքին ու ներքին հարաբերություններին առչնվող մի շարք հարցերի և նպատակ ունի ուղենշել ՀՀ-ի զարգացման տեսլականը այսօրվանից՝ միտված լինելով ապագային։  

Առաջին սահիկը վերնագրված է «Տիտղոսը», որի ներքևում նշված է Հայաստանի Հանրապետություն։ Հաջորդ սահիկաշարը՝ «Կարգավիճակը»․

«Ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- սահիկը ներկայացնելիս՝ հնչեցրեց Փաշինյանը եւ շարունակեց,- «Թող շատ տրիվիալ չհնչի, կարծում եմ՝ մեր իրականության մեջ արժե, որ մենք անենք հիմնական հասկացությունների ճշգրտում եւ ռեյտինգավորում, այս պատկերն այդ նպատակն ունի․ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները հաստատվում են եւ կարգաբերվում են ՀՀ ժողովրդի կամարտահայտման միջոցով․ «Մենք երբեմն ինքնիշխանություն ասելիս հասկանում ենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, բայց կարևոր է ինքնիշխանությունը որպես հիմք վերցնել ներքին հարաբերությունների համար, այն իմաստով, որ ներքին օրենսդրությունը եւ հարաբերությունները պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն, այսինքն՝ ժողովուրդը պիտի լինի էդ իրավահարաբերությունների եւ դրանց հաստատման հեղինակը, եւ ինչ է կարելի եւ ինչ չի կարելի ՀՀ ներսում, եւ դա ինչպես է սահմանված՝ որպես օրենք եւ իրավակարգ, ինքնիշխանության կարեւոր ատրիբուտ է այն առումով, որ ՀՀ ժողովուրդն ինքը պետք է իր համար սահմանի ՀՀ-ում ապրելու կանոնները»։

Հաջորդ սահիկը վերնագրված է «Տարածությունը», ներքեւում նշված է «29 հազար 743 ք․ կմ»։ Փաշինյանը այսպես մեկնաբանեց․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»։

Մյուս սահիկը վերնագրված է «Պետական կարգը», ներքեւում նշված է՝ «խորհրդարանական ժողովրդավարություն [ժողովրդապետություն]»։ Փաշինյանի խոսքով՝ այստեղ շատ մեկնաբանելու բան չկա․ «Մենք ՀՀ-ն պատկերացնում ենք որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, եւ երաշխավորված, որ իշխանությունը ձեւավորվում է բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության վրա հիմնված»։

Հաջորդ սահիկի վերնագիրը՝ «Նպատակը»։ Փաշինյանը մեկնաբանեց․ «Որն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը․ սա շատ կարեւոր, խորքային եւ սկզբունքային հարց է։ Իմ պատասխանը, մեր պատասխանը հետեւյալն է․ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Ընդ որում, ես էստեղ հակասություն խնդրում եմ չտեսնել ՀՀ-ի եւ Սփյուռքի հարաբերությունների միջեւ, որովհետեւ ցանկացած հայ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ այս խոսակցության ուղիղ շահառուն դառնալ»։

Մյուս սահիկը վերնագրված է «Իրավակարգը», նշված է՝ «ժողովրդական համաձայնեցում, անցած իրավունքի վրա հիմնված արդարություն»։ 
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել արդարության պահանջարկ, կարիք․ «Կարեւոր է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը»։ 

Հաջորդ սահիկը վերաբերում է տնտեսական կարգին․ «Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ․ աշխատանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն։ Թեզը հետեւյալն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուրը աշխատելու, իր ընդունակություններն իրացնելու եւ իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա։ Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը»,- ասաց Փաշինյանը։

Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում։ 

Ինչ է նշանակում թշնամության կառավարում․ նշանակում է այնպես անել, որ էդ թշնամությունն անկառավարելի դրսեւորումներ չունենա մեր տարածաշրջանում, հասցնել այն նվազեցման փուլին, երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս առումով հատուկ կարեւորություն են տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետեւ համարում են, որ թշնամության նվազեցումն ու զրոյակցումը հնարավոր են, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են եւ օգտագործվում են գործարարության, հաղորդակցության նպատակների համար։

Փաշինյանի ներկայացրած մյուս թեզը վերաբերում է անվտանգությանը․ «Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք [այսպես]․ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում։ Իհարկե այս թվարկումն էլ համապարփակ չէ, ինչ էլ թվարկենք, ավելացնենք, մեկնաբանենք անվտանգության ապահովման՝ մեր պատկերացրած գործիքակազմը, մեր համոզմունք է, որ ամենաարդյունավետ գործիքը լեգիտիմությունն է։ Այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ պարտադիր լեգիտիմության հենքի վրա [...] »։

Բանակի բարեփոխումների մասին խոսելիս՝ Փաշինյանն ասաց, որ ամենատարբեր կոնցեպտներ կարելի է քննարկել, եւ նշեց, թե եթե այդ բարեփոխումները հիմնված չեն լեգիտիմության, ինքնիշխանության եւ ինքնիշխան տարածքի ապահովման խնդրի վրա, ապա դրանք չեն կայանա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով․ «Եւ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը կարող է լինել արդյունավետ, երբ այն հիմնվում է էլի լեգիտիմ հենքի վրա»։

Փաշինյանը նշեց, որ կարեւոր է արձանագրել նաեւ մեր «խնդիրը»․ «Խնդիրը տնտեսական զարգացումն է, որովհետեւ դրանով է, որ հնարավոր է ապահովել նախորդիվ նշված բոլոր թեզերի իրականացումը եւ իրագործումը։ Տնտեսական զարգացման մեջ մենք ամենեւին երկրորդական չենք համարում սոցիալական զարգացումը, այն առումով, որ սոցիալական զարգացում ասելով նկատի ունենք մարդկային կապիտալի զարգացումը»։

Վերջին սահիկը վերնագրված է «Գործելակարգը»․ «Մեր բոլոր որոշումները պետք է բխեն վերը շարադրված տեսլականից։ Այսինքն՝ մենք նախ պետք է մեր նպատակները ճշգրտենք եւ այդ նպատակներին ծառայեցնենք մեր բոլոր որոշումները։ Շատ կարեւոր է, որ մենք ճշգրտենք պետական շահ հասկացությունը, որովհետեւ բոլորին հայտնի է, որ որոշումները պետք է հիմնված լինեն պետական շահի վրա։ Երբեմն պետական շահը մենք շատ լղոզում եւ զրկում ենք կոնկրետությունից։ Ես գործնական խնդիր եմ համարում, որ մենք պետական շահը կոնկրետացնենք։ ՀՀ պետական շահը ընդհանրապես զարգացումը եւ մասնավորապես սոցիալ-տնտեսական զարգացումն է, եւ հետեւաբար մեր բոլոր որոշումները պետք է գնահատել ըստ այն, թե ինչքանով են դրանք համապատասխանում Հայաստանի զարգացման տեսլականին»,- ասաց Փաշինյանը։

Ամփոփելով՝ նա նշեց, որ այս ամենն իրականացնելու համար հարկավոր է խաղաղություն․

«Եւ այս է պատճառը, որ կառավարությունը որդեգրել եւ հետեւողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը։ Մենք առաջնային ենք համարում անվտանգության հարցը եւ անվտանգության երաշխիքների հարցը, եւ երբ խաղաղության օրակարգը որդեգրել ենք, որդեգրել ենք նաեւ այն փաստարկի ֆոնին, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, եւ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։ Խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ։ Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են, եւ մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք՝ այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու եւ շատացնելու ուղղությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել