Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին
 |news.am|
17:11 - 10 ապրիլի, 2024

Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին |news.am|

news.am: Շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարվեց, որ Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվում են այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ  միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված միայն Սոլովյովի հաղորդումների արգելափակումը, քանի որ այլ հաղորդումների, մասնավորապես, Կիսիլյովի հաղորդման ժամանակ եւս Հայաստանի հասցեին ոչ պակաս վիրավորական հայտարարություններ են հնչել:

«Կոնսուլտացիաների նպատակն է նախ արձանագրելու, որ համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածները խախտվել են, որից հետո նաեւ նշել էի, որ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը պետք է մեկնի Մոսկվա՝ կոնսուլտացիաների: Այդ կոնսուլտացիաները կայացել են եւ ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը: Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքն է վերոհիշյալ հաղորդումների եթերազրկումը: Սա ամենեւին չի նշանակում, որ բանակցություններում փակուղու մեջ ենք: Մենք եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր  խմբագրումները: Մենք կառուցողական ենք տրամադրված, մեր նպատակն է ոչ թե այս իրավիճակի սրումը, այլ կառուցողական միջավայրում, որակյալ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: Մինչդեռ  հանրային մուլտիպլեքսում գործող հայկական ալիքները գործում են այդ կանոններով:

Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որ հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում ՀՌՀ-ին իրականացնել մոնիտորինգ եւ խախտումների դեպքում կիրառել վարչական վարույթ, ասել է թե՝ սանկցիաներ»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ հենց Սոլովյովի երկու հաղորդումներն են եթերազարկվել, որովհետեւ վերջին ամիսներին արձանագրված են եղել թվով ամենամեծ խախտումները:

Նրա խոսքով, հայ ժողովրդի հույզերը, արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են նաեւ հակառուսական ալիքի պատճառ հանդիսանալ. «Մենք շահագրգռված ենք, որ աշխատանքը կազմակերպել այնպես, որ նման բովանդակությունը կանխվի, որը կարող է բերել նման հետեւանքների: Եթե մեր առաջարկները չընդունվեն, չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է դիտարկել նաեւ այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը:

Հիշեցնենք, որ մարտի վերջից Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել