Նստացույցը ժամանակավորապես դադարեցնում ենք, բանակցություններ ենք սկսում ԿԳՄՍՆ-ի հետ․ «Գոյ» թատրոն
18:59 - 08 ապրիլի, 2024

Նստացույցը ժամանակավորապես դադարեցնում ենք, բանակցություններ ենք սկսում ԿԳՄՍՆ-ի հետ․ «Գոյ» թատրոն

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը՝ պատճառը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններն են, որոնք պետք է մեկնարկեն այսօր՝ ժամը 18։30-ին։

Այս մասին թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

Սարգիս Արզումանյանը հայտարարել է, որ այսօր առանց նախապայմանների են գնում հանդիպելու․

«Քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե՝ ոչ»։

Հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել