Ալեն Սիմոնյանը և Մարիա Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը
18:04 - 08 ապրիլի, 2024

Ալեն Սիմոնյանը և Մարիա Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ:

«Կարևորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիթորինգային զեկույցի բարձր գնահատականը: Այժմ նախապատրաստվում է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» զեկույցը, որը մենք կարևորում ենք բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը Հայաստանում իրագործվող բարեփոխումների և ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացմանը:

«Հայաստանն իր ժողովրդավարությամբ և արժեքներով ապացուցել ու ապացուցում է, որ հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման, խաղաղության և տարածաշրջանային անվտանգության կայունությանը միտված օրակարգին: Խաղաղությունը չունի այլընտրանք, և պետք է անել ամեն բան, որպեսզի այն հաստատվի հնարավորինս շուտ և լինի հարատև»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Քննարկվել են ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի շուրջ տարվող աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել