Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|
19:13 - 06 ապրիլի, 2024

Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|

hetq.am: Հետքը գրում է՝ 2020 թվականին Մարինե Սիմոնյանի (անուն-ազգանունը փոխված է) ամուսնու մոտ քաղցկեղ ախտորոշվեց։

«Հազով սկսվեց ամեն ինչը։ Սկզբից գնաց բժշկի, թույլ դեղեր նշանակեցին, չէր օգնում ընդհանրապես։ Հետո գնաց թոքերի ռենտգենի, պարզվեց՝ խնդիր ունի, դիագնոզը դրվեց՝ թոքի քաղցկեղ»,- պատմում է Մարինեն։

Հիվանդությունը 4-րդ փուլում էր հայտնաբերվել, լիարժեք բուժել հնարավոր չէր։ Ասում է՝ ամենաբարդը դեղորայք հայթայթելն էր։ Փորձել են ծանոթների միջոցով այլ երկրներից դեղեր բերել, որ մատչելի լինի։ Այլընտրանքային տարբերակներ փնտրել են նաև Հայաստանում։

«Դեղ կար, որ արժեր 7000 դոլար։ Գնելուց, երբ հարմար չէր էդ տարբերակը, առաջարկում էին այլընտրանքներ՝ ուրիշ երկրի արտադրանք։ Դե, ստիպված դա էինք վերցնում։ Հնդկական տարբերակը մոտ տասն անգամ ավելի էժան էր գալիս»,- ասում է Մարինեն։

Դեղերը դժվարությամբ էին գտնում։ Մարինեն հստակ չգիտի՝ դրանք Հայաստանում գրանցված դեղեր են եղել, թե ոչ, բայց սովորական դեղատներից գնել չեն կարողացել։ Ձեռք են բերել հիմանակնում անհատ ձեռնարկատերերի պատկանող դեղատներից։ Բացատրում է՝ այլ տարբերակ չունեին․ այդ դեղերի շնորհիվ ամուսնու կյանքը մեկ տարի ութ ամսով երկարել է, եթե չընդուներ դրանք, երկու շաբաթ կապրեր։ 

«Էդ դեղերը գնելուց մենք ոչ մի օրինական քայլի ինքներս էլ չենք դիմել, որովհետև մեզ էլ շահավետ չէր դա։ Հիմա դա ճիշտ ա, թե սխալ ա, էդ ա։ Ոչ մեզանով ա պայմանավորված, ոչ էդ վաճառողով։ Թող հստակ օրենք դրվի, ստուգում լինի, որ բոլորին հասանելի լինի էդ դեղը գնել։ Կարող ա մի փոքր մեր հնարավորությունը ներում էր, մենք կարողանում էինք, մեծ դժվարությամբ թեկուզ, էդ մատչելի տարբերակը գտնել, բայց մարդ կա էդ մատչելի տարբերակը ևս իր համար անհասանելի էր»,- ասում է Մարինեն։

Բուժումը շարունակելու նպատակով Մարինեի ամուսինը Գերմանիա էր գնացել, այնտեղ նույն բանն էին ասել՝ հիվանդությունը վերջին փուլում է, վերջնական բուժումը՝ անհնար։ Գերմանիայում Մարինեի ամուսինը քիմիաթերապիայի դեղեր էր ստացել, որն իր հետ Հայաստան էր բերել։ Երբ այդ դեղերն արդեն չէին օգնում, դեղատներից մեկում այն փոխել էին երկու ներերակային ներարկման դեղի հետ, որն այդ պահին անհրաժեշտ էր բուժման համար։

Մարինեի նման շատերն են հայտնվել այս իրավիճակում. բուժման համար բժիշկը նշանակում է դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն:

«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել են պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։

Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազում է

Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում 3332 անուն դեղ կա: Սրանք այն դեղերն են, որոնք մեր երկիր ներմուծվում են օրինական ճանապարհով կամ արտադրվում են Հայաստանում։ Վրաստանում, օրինակ, գրանցված դեղերի թիվը հասնում է 8000-ի։ Ռուսաստանի Դաշնությունում նախորդ տարեվերջին գրանցված դեղերի թիվը 18 500 էր, որից 12 100-ը՝ տեղական արտադրության։

Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է, գրանցված և գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի և դրանց ներկրման խնդիր կա։

Եթե որևէ դեղագործական կազմակերպություն ցանկանում է Հայաստանում դեղորայք գրանցել, դիմում է Առողջապահության նախարարություն, անցնում համապատասխան ստուգումները, դրա հիման վրա դեղը Հայաստանում գրանցվում է 5 տարի ժամկետով։

Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն

Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը բացատրում է՝ բժիշկները նշանակումներն անում են ըստ միջազգային ուղեցույցների։ Միջազգայնորեն սահմանված է, թե քաղցկեղի որ տեսակի համար ինչ դեղանյութ պետք է նշանակել։ Սակայն նոր սերնդի դեղերը, որոնք բավականին թանկ են, բժշկի խոսքով, կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ էլ եթե գրանցված են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։

«Եթե այդ դեղը իրենց հասանելի չէ կամ Հայաստանում պարզապես չկա, պացիենտները հիմնականում կա՛մ փորձում են հարևան երկրներից, Եվրոպայից բերել, կա՛մ Հայաստանում գտնում են անհատ դեղատներ, որոնք մասնագիտացած են և բերում են նման դեղամիջոցներ»,- բացատրում է ուռուցքաբանը։

Բադալյանը Հայաստանում վաճառվող չգրանցված դեղերը բաժանում է երկու խմբի։ Մի խմբում այն դեղերն են, որոնք Հայաստան են բերվել անօրինական ճանապարհով, սակայն օրիգինալ դեղեր են։ Ուռուցքաբանի խոսքով՝ քանի որ հակաուռուցքային դեղերը հեշտ փչանալու հատկություն ունեն, այս դեպքում խնդիր կարող է առաջանալ, եթե պահման հատուկ պայմանները խախտվեն։ Երբ դեղը Հայաստան է ներմուծվում օրինական ճանապարհով, ջերմային ռեժիմը խիստ հսկվում է ամբողջ ընթացքում՝ Եվրոպա-ինքնաթիռ-մաքսատուն-դեղատուն-կլինիկա ջերմային շղթայի յուրաքանչյուր օղակում, ու բժիշկները վստահ են լինում, որ դեղորայքը ոչ մի կերպ չի վնասվել։

Դեղատներում վաճառվում է ամեն ինչ

Փետրվարի 22-ին և 23-ին «Հետքն» այցելեց Երևանի մի քանի դեղատներ և ձեռք բերեց չգրանցված դեղեր։

«Սաս-գրուպ» ՍՊԸ-ի գրեթե բոլոր սուպերմարկետներում «Ֆարմա լայք» դեղատնային ցանցը դեղատուն ունի։ Իսահակյան 35 հասցեի «Սաս» սուպերմարկետի դեղատնից գնել ենք 20 կապսուլ «Ռեդուկսին» դեղահաբը, որն օգտագործվում է ավելորդ քաշը կարգավորելու համար։  20 դեղապատիճի համար վճարել ենք 30 հազար դրամ։ Այս դեղամիջոցը դեղերի պետական գրանցամատյանում գրանցված չէ, այսինքն՝ օրինական ճանապարհով չէր կարող ներկրվել Հայաստան, սակայն ուներ ակցիզային դրոշմապիտակ։ Ստուգելով գրանցման կոդը՝ տեսանք, որ այն գրանցված է որպես վիտամին՝ չնայած քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոց է՝ բազմաթիվ կողմնակի ազդեցություններով։

Դեղատան աշխատակցին խնդրեցինք տրամադրել կտրոնը, դրա վրա նշված չէր դեղամիջոցի անվանումը։

Շարունակությունը՝ սկբզնաղբյուր կայքում  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել