Բացօթյա տարածքներում 4 մետրից ավելի երկարությամբ ՀՀ դրոշ տեղադրելը պետք է համաձայնեցնել ԱԳՆ-ի հետ․ նախագիծ
 |factor.am|
12:15 - 27 մարտի, 2024

Բացօթյա տարածքներում 4 մետրից ավելի երկարությամբ ՀՀ դրոշ տեղադրելը պետք է համաձայնեցնել ԱԳՆ-ի հետ․ նախագիծ |factor.am|

factor.am: Արտաքին գործերի նախարարությունը առաջարկում է «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագծով առաջարկվում է սահմանել դրոշաձողի բարձրության և դրոշի չափի հարաբերակցություն։

«Հայաստանի Հանրապետությունում փակ տարածքներում դրոշի օգտագործման չափ է մինչև 2,8մ դրոշաձողի վրա առավելագույնը 1մ։2մ-ը, իսկ բացօթյա տարածքերում՝ մինչև 10մ դրոշակաձողի վրա առավելագույնը 2մ։4մ։ Ավելի մեծ չափի դրոշի տեղադրման դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմումի հիման վրա համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հետ»,- ասված է նախագծում։

ԱԳՆ-ն նախագիծը տեղադրել է իրավական ակտերի նախագծերի հրապարական միասնական կայքում և հանրային քննարկման ներկայացրել։ Որպես հիմնավորում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը, այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը։

Ներկայացվող նախագծում նաև ասվում է, որ ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս: Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

Դրոշաձողի վրա բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Սահմանված կետերը կիրառելի են նաև ՀՀ տարածքում օտարերկրյա պետությունների դրոշների տեղադրման դեպքում։ Բացի այս, մշտապես բարձրացված ՀՀ դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել