Երեւանում 25-ամյա երիտասարդը ծեծել է 60-ամյա ծնողներին՝ հասցնելով գլխուղեղի վնասվածք եւ քթի կոտրվածք. նա կալանավորվել է
11:26 - 27 մարտի, 2024

Երեւանում 25-ամյա երիտասարդը ծեծել է 60-ամյա ծնողներին՝ հասցնելով գլխուղեղի վնասվածք եւ քթի կոտրվածք. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ Երևանի 25-ամյա բնակչի կողմից ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի վնասվածք՝ հարցականով, քթի կոտրվածք հարցականով» և «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշումներով շտապօգնության խմբի կողմից տարբեր ժամերի իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ շենքում բնակվող 60-ամյա ամուսիններ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում 25-ամյա երիտասարդը վիճաբանել է ծնողների հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ֆիզիկական ներգործություն է կատարել հոր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին՝ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզաբանելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել