Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին
17:50 - 26 մարտի, 2024

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մատենադարանի տնօրեն  Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:

Մշտական ցուցադրությունների սրահում նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է հայկական ձեռագրերին և ձեռագրակազմերին: Նվիրատուների ցուցասրահում ներկայացվել են Մատենադարանում պահվող վրացերեն ձեռագրերը: Վերականգնման բաժնում Վրաստանի նախարարը հանգամանորեն ծանոթացել է  հին ձեռագրերի մշակման և վերականգնման գործընթացներին:

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախարար Գիորգի Ամիլախվարիին ներկայացրել է  2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության` Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն կատարած պաշտոնական այցի արդյունքները: Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մատենադարանի տնօրինության հրավերով նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք միջազգային հայագիտական կոնգրեսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել