Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան
16:38 - 26 մարտի, 2024

Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով Վրաստանի նախարարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ:

«Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել, մասնավորապես, կրթական կառույցների միջև ուղիղ կապերի զարգացումն ու համատեղ հեռանկարային նախաձեռնությունների խրախուսումը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացումը, որը, նախարարի գնահատմամբ, էապես կնպաստի Հայաստանում վրացերենի տարածմանը և զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է՝ նախարարությունների մակարդակով սերտ համագործակցությունը, անկասկած, նպաստելու է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: Վրաստանի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտը ՀՀ-ի կողմից ամբողջությամբ կբավարարվի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրելով 27 հազար 470 դասագիրք և ուսումնական նյութ: Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում: 

Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը: Տարածաշրջանային լեզուների ներդրման շրջանակում ՀՀ 4 դպրոցում իրականացվում է վրացերենի ուսուցում: Ծրագրի ընդլայնման առումով հիմնական խնդիրը, ըստ Ժաննա Անդրեասյանի, դասավանդող մասնագետների հարցն է: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև չափորոշչի ու կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման շրջանակում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական կրթություն ստանալ հարևան երկրի բուհերում:

Կողմերը քննարկել են նաև դպրոցականների համար համատեղ ամառային ճամբարների, Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Երկու երկրների նախարարներն անդրադարձել են նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել