Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա
 |armenpress.am|
16:01 - 20 մարտի, 2024

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։ 

«Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ խնդրահարույց հարցերը կարգավորենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ելնում ենք այն հանգամանքից, որ հենց դրան պիտի ուղղված լինի ներկայացուցիչների գործելաոճը, որոնք ընդգրկված են այդ շփումներում։ Մենք մեր կողմից այդ մոտեցումն ենք որդեգրել»,- ասել է Զախարովան։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի  ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,-ասել էր նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել